Րաֆֆի Հովհաննիսյանն՝ իր որդիների քաղաքացիության մասին
Ազատության հրապարակում այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրված ասուլիսին հարց հնչեց նաև այն մասին, որ 2002-ից ՀՀ քաղաքացի հանդիսացող Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքի անդամները չունեն հայաստանյան քաղաքացիություն՝ նրա որդիների՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար:
«Իմ որդիները և ընտանիքս իրենց ամբողջ կյանքը ծառայության մեջ են, և շատ ուրախ եմ, որ մեր կրտսեր որդին՝ Արմեն-Ռիչարդն իր կամքով տասնվեց տարեկան հասակից դարձել է Հայաստանի քաղաքացի: Սա ոչ թե հայրական հրահանգ է, այլ ընտանիքի յուրաքանչյուր անդամի ազատ որոշելու հնարավորություն: Եվ շատ հպարտ եմ և վստահ եմ, որ այդ քաղաքացիությունը կհանգի բոլորին: Այո, մեծ վերադարձի ճամփա բռնած իմ ընտանիքը ևս սպասում է, որ կդառնա ՀՀ քաղաքացի»,- պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ ՀՀ քաղաքացիությունը փաստաթղթով չէ:
Կան շատ փաստաթղթով ՀՀ քաղաքացիներ, ովքեր կատարում են հակաօրինական գործողություններ, դավաճանում են Հայաստանի ազգային շահը:
Րաֆֆի Հովհաննիսյանը պատմեց, որ 2002-ին դառնալով ՀՀ քաղաքացի, անմիջապես դիմել է զինկոմիսարիատ, բայց, ցավոք սրտի, տարիքը չի ներել զինվորական ծառայության անցնելու , և հիմա նա պահեստային զինծառայող է:
Րաֆֆի Հովհաննիսյանը, խոսելով շարժման հետագայի մասին, ավելացրեց, որ ժողովուրդը պիտի պատրաստ լինի երկարատև, օրինական, հետևողական պայքարի:
«Ես միշտ դասը նախընտրում եմ դասադուլից, բայց ոչ մեկը իրավունք չունի մեր ուսանողներին խոսք ասել, պատժել, ձեռք բարձրացնել»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և ավելացրեց, որ եթե ուսանողները պետք է լինեն համալսարանում, ապա ընտրախախտ կուսակցական «շեֆերը» պետք է դուրս գան համալսարանից:










