Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Փարիզում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին
Ֆրանսիայի արտգործնախարարությունը դատապարտել է հայերի և ադրբեջանցիների միջև փետրվարի 26-ին Փարիզում տեղի ունեցած ծեծկռտուքը: Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Ֆիլիպ Լալիոն մամուլի ասուլիսի ժամանակ (փետրվարի 28-ին) հայտարարել է, որ Փարիզը ցավում է կատարվածի առնչությամբ:
«Մենք ցավում ենք այդ միջադեպի համար, և դատապարտում ենք փետրվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած բռնարարքը: Ֆրանսիան հավատում է, որ միայն երկխոսության միջոցով է հնարավոր հասնել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր՝ մենք վերահասատում ենք, որ հավատարիմ ենք կողմերի միջև երկխոսությանն աջակցելու մեր պարտավորություններին»,-նշել է Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ պատասախանելով ադրբեջանցի լրագրողի հարցին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքում հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուքը տեղի էր ունեցել՝ 1988թ. ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի ջարդերի տարելիցին նվիրված արարողության ժամանակ:
Միջոցառման սկզբում մասնակիցներին կոչ է արվել մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել 25 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը. դահլիճում գտնվող ադրբեջանցիները ոտքի չէին կանգնել: Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը մոտեցել էր նրանց՝ հարցնելու, թե ինչու չեն կանգնում, նրանցից մեկն ասել է, թե նույն այդ օրերին Ադրբեջանում նշվում է Խոջալուում հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականցված «ցեղասպանության» տարելիցը (իսկ թե իրականում ինչ է տեղի ունեցել 1992թ. ԼՂ Խոջալու գյուղում, կարդացեք այստեղ- Tert.am) և իրենք կհարգեն միմիայն Խոջալուի զոհերի հիշատակը:
Մեկ այլ «խիզախ» ադրբեջանցի էլ համարձակվել է հարվածել Վարժապետյանին: Այդ ամենը տեսնելով՝ հայերը օգնության էին շտապել և կողմերի միջև ծեծկռտուք էր սկսվել:










