«Մարտի մեկի» կրկնության հավանականությունը զրո է. Լարիսա Ալավերդյան
«Մարտի մեկի» կրկնության հավանականությունը զրո է, և, իրականում, միայն կտրուկ քայլերով չէ, որ կարելի է փոխել իրավիճակը։ Իսկ եթե չկա այդ խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու մեթոդը, մենք պետք է ստեղծենք այն։ Նման տեսակետ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը և «Մարտի մեկի» թեմայով այսօր հրավիրված ասուլիսը սկսեց՝ ցավակցություն հղելով թե՛ հայ հասարակությանը, թե՛ այդ օրը զոհվածների ընտանիքներին։
Ըստ նրա՝ անհնար է այդ հարցը իրապես փակված համարել, քանի որ մինչև հիմա պարզ չէ, թե ով է տվել գրավոր հրամանը։ «Ըստ օրենքի՝ գիշերը տեղի ունեցած որևէ գործողության համար անհրաժեշտ է գրավոր հրաման։ Մենք գիտենք, թե ում ղեկավարությամբ է եղել այդ ամենը, բայց մինչև չպարզվի հրահանգ տվողը, այդ էջը չի փակվի»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ ինքը միշտ լինելու է ջատագովն այն ուժերի, ովքեր պնդելու են բացահայտել այդ սպանդը։
Վերջինիս խոսքով՝ պատասխանատվություն կրողը պետք է հայտնաբերվի, և եթե հասարակությունն իր պահանջը մի պահ թուլացնի, պարտված կհամարվի։ Ըստ նրա՝ «Մարտի մեկը» եղել է սարսափեցնելու մի փորձ, որպեսզի երբևիցե երկրում չբողոքարկեն կեղծված ընտրությունները։
«Մենք չենք կարողանալու փակել այդ էջը, և այդ քաղաքական բացասական երևույթին պետք է վերջ դնել, և պետք է օր առաջ երկու կողմերն էլ դասեր քաղեն։ ՕԵԿ-ը լինի, թե Դաշնակցությունը, գտնում եմ, որ ժողովուրդն իրենց ձայն տալով չի տվել իշխանությանը»,- ասաց նա՝ հավելելով, որ մեր հասարակությունը կպնդի և ցույց կտա, որ մարդու կյանքը ամենաբարձր արժեքն է։
Վերջինիս կարծիքով՝ կարծես բոլորը գիտեն, որ խորհրդարանական ընտրություններում հենց ընդդիմության ոչ միասնական հանդես գալու արդյունքում մենք ունեցանք այնպիսի խորհրդարան, որը չի արտացոլում ժողովրդի շահերը։ Եվ եթե իշխանությունների մոտ կա քաղաքական կամք, իրենք պետք է քայլեր ձեռնարկեն ցրելու այս խորհրդարանը։
«Այսօր ուշ չէ նոր խորհրդարանական ընտրությունների հարցը դնել, և իշխանությունն այսօր հնարավորություն ունի ունենալ բավականին պատվավոր քվե»,- նշեց Լ. Ալավերդյանը՝ ընդգծելով, որ ընդդիմություն լինելը արժանապատվության նսեմացում չէ։










