Այսօր լրանում է 2008-ի մարտի 1-ի ողբերգության 5-րդ տարելիցը (տեսանյութեր)
Լուսանկարը՝ Photolur–ի
Այսօր լրանում է մարտիմեկյան դեպքերի 5-րդ տարելիցը: Հինգ տարի առաջ՝ փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Փետրվարի վերջին օրերին արդեն Ազատության հրապարակում տեղադրված էին վրաններ՝ Հայաստանի աշխարհագրական տեղանքների անուններով:
Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: Շատերին, նաև կանանց, հետապնդում էին Ազատության հրապարակին հարակից տարածքներում և այնտեղ ևս նրանց ծեծի ու բռնության ենթարկում:
Ազատության հրապարակից ցրված ժողովուրդը, որոնց մեջ շատ էին ծեծվածներն ու վնասվածքներ ստացածները, ժամեր անց հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։
Օրվա երկրորդ կեսին արդեն սադրանքները սկսվել էին, ոստիկանությունն ու զորքերը կանգնած էին մի կողմում, ցուցարարները մյուս: Ապա եղավ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը արտակարգ դրություն մտցնելու մասին:
Արդեն կային շրջված ավտոբուսներ, լուրեր էին շրջում, որ առավոտյան Ազատության հրապարակում մի երեխայի են սպանել: Մթնոլորտը ահագնանում էր:
Մարտի երկուսի առավոտյան հայտնի դարձավ, որ նախորդ օրը զոհվել են մարդիկ, նրանց ստույգ թվի մասին հայտնի չէր, լուրեր էին պտտվում, որ նրանք մի քանի տասնյակ են և որ հիվանդանոցներում և դիահերձարաններում տեղ ու դադար չկա:
Օրեր անց պարզվեց, որ այդ օրը զոհվեցին 10 մարդ, որից երկուսը զինվորական, իսկ ավելի քան 200-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան: Բանտերում հայտնվեցին շարժման հարյուրից ավելի ակտիվիստներ: Զոհվածներն էին՝ Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Գրիգոր Գևորգյանը, Դավիթ Պետրոսյանը, Արմեն Ֆարմանյանը, Զաքար Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Համլետ Թադեւոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և Տիգրան Աբգարյանը:
Մարտի 1-ի դեպքերից երկու տարի անց գաղտնազերծված «Վիքիլիքսի» տվյալներով՝ «2008թ. մարտիմեկյան ողբերգական իրադարձություններից առաջ Հայաստանի ոստիկանության և հատուկ ծառայությունների ղեկավարները հավաստիացրել էին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որ նվազագույն կորուստների գնով և հաշված րոպեների ընթացքում կարող են Ազատության հրապարակը մաքրել ընդդիմության ակտիվիստներից, և Քոչարյանն արտոնել էր հատուկ գործողությունը»:
Այս մասին ասված էր ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի` 2008թ. մարտի 10-ի հեռագրում: ԱՄՆ փոխդեսպանը ներկայացրել է Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի և իր գաղտնի հանդիպման մանրամասները:
Ըստ Փենինգթոնի, Իսագուլյանը խոստովանել է, թե մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած ոստիկանական գործողությունն արտոնել էր Ռոբերտ Քոչարյանը:
Այսօր ի հիշատակ 10 զոհերի «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի և «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի գլխավորությամբ մի խումբ մարդիկ ծաղիկներ կդնեն Մյասնիկյանի արձանի մոտ:
Մարտյան դեպքերի մասին Տիգրան Պասկևիչյանը և Արա Շիրինյանը նկարահանել են ֆիլմ՝ «Հայաստանի կորսված գարունը», որը ներկայացնում ենք ստորև։










