ԱՄՆ-ի և Եվրոպայի զինվորականները մարզում են սիրիացի ապստամբներին, իսկ գործընթացը հսկում է Իսրայելը.The Times

12:06 • 01.03.13

ԱՄՆ-ից և Եվրոպայից ժամանած մարզիչները մարզում են սիրիացի ընդդիմադիրներին՝ Հորդանանում գտնվող ռազմաբազաներում, գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ The Times-ին հղումով։

Հեղինակավոր պարբերականին այս տեղեկությունները փոխանցել են դիվանագետներն ու հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնք գործում են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։

 

Թերթի տվյալներով՝ ամերիկացի և եվրոպացի մարզիչները մարզում են միայն այն ընդդիմադիր խմբերին, որոնք կապված չեն ծայրահեղական իսլամիստական շարժման, մասնավորապես՝ «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի հետ, որը համարվում է «Ալ-Կաիդա»-ի մասնաճյուղը։

 

Ինչպես հաղորդում է պարբերականը, Սիրիայի ընդդիմադիրները համակարգվում են Իսրայելի կողմից, որը վախենում է, որ սիրիական ծայրահեղականները կարող են ստացած ռազմական փորձն ու զենքն օգտագործել իր դեմ։

 

«ԱՄՆ-ն և նրա եվրոպական դաշնակիցները վերահսկում են սիրիացի ընդդիմադիրների՝ Հորդանանում գտնվող ճամբարները և այդ կերպ փորձում են ամրապնդել այն խմբերին, որոնք ցանկանում են տապալել նախագահ Բաշար ալ-Ասադին»,-գրում է Times-ը։

 

ԱՄՆ-ն զգուշանում է, որ իսլամիստական զինյալները և այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին է «Ջամհաթ ան-Նուսրա»-ն, կարևոր դեր է խաղում Ասադի դեմ պայքարում։

 

Հավանաբար ԱՄՆ-ն ապստամբներին սկսել է մարզել 5 ամիս առաջ՝ մինչև Բարաք Օբամայի վերընտրվելն ԱՄՆ նախագահի պաշտոնում։

 

«Արևմտյան դիվանագետը,ով գտնվում է Ամմանում, ընդգծել է, որ ապստամբները սովորում են ինչպես պաշտպանել քիմիական զենքը, այլ ոչ թե ինչպես օգտագործել այն»,-գրում է բրիտանական թերթը։

 

Դա էապես կբարձրացնի սիրիական ընդդիմության ռազմական թևի կարգավիճակը, սակայն սիրիացի ընդդիմադիրները դեռևս չեն ստանա այն զենքերը, որոնք պահանջում են ԱՄՆ-ից։

«Ենթադրվում է, որ բրիտանացի զինվորականները ևս մասնակցում են սիրիացի ընդդիմադիրների զինպատրաստությանը, սակայն Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հերքում է այդ տեղեկությունը»,-գրում է Times-ը։

 

Ինչպես նշում են Իսրայելի պաշտոնական աղբյուրները, իրենք հետևում են մարզման գործընթացին, որը, համաձայն պաշտոնյաներից մեկի, հենց ամենասկզբից համակարգվում է Իսրայելի կողմից։