Սիրիայի ընդդիմությունը հետաձգել է սեփական կառավարություն ձևավորելու ստամբուլյան հանդիպումը

08:09 • 01.03.13

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչներն անորոշ ժամանակով հետաձգել են մարտի 2-ին Ստամբուլում նախատեսված համաժողովը, որի ընթացքում վարչակարգի դեմ միավորված Ազգային կոալիցիան պետք է որոշում կայացներ սեփական կառավարության կազմի և վարչապետի վերաբերյալ, հաղորդում է France Presse գործակալությունը:


«Համաժողովը հետաձգվում է, որևէ նոր ժամկետ չի նշանակվել: Ես այժմ չեմ կարող ուղղակի անվանել պատճառները և ես չեմ բացառում, որ հանդիպումը կարող է չեղյալ համարվել», - գործակալությունը մեջբերել է ընդդիմադիր Սիրիական ազգային խորհրդի անդամ Սամիր Նաչարի խոսքերը:


Նախորդ հինգշաբթի, փետրվարի 22-ին, սիրիական ընդդիմությունը հայտարարել էր կառավարական ուժերի և Բաշար Ասադի կողմնակիցների ազդեցության գոտուց «ազատագրված» տարածքներում սեփական կառավարություն ձևավորելու մտադրության մասին:


Ընդդիմադիրների ներկայացուցիչ Վալիդ ալ-Բոննին հայտարարել էր, որ կառավարության կազմի և վարչապետի թեկնածության մասին որոշումը կկայացվի Ստամբուլում` մարտի 2-ին:


Սիրիական ազգային խորհուրդը միավորված սիրիական ընդդիմության առավել խոշոր կոալիցիան է: Նրա կազմում են ներառված մոտ 230 ընդդիմադիր քաղաքական գործիչներ, որոնք բնակվում են ինչպես Սիրիայում, այնպես էլ ակտիվ գործունեություն են ծավալում արտասահմանից: