Ես չեմ հանդիպել ռուս ընդդիմադիրների հետ. Գիվի Թարգամաձե

09:11 • 01.03.13

Վրացի պատգամավոր Գիվի Թարգամաձեն, ում հեռակա կարգով ազատազրկման է դատապարտել Մոսկվայի Բասմանի դատարանը՝ Ռուսաստանում զանգվածային անկարգությունների կազմակերպման համար, հայտարարել է, որ չի մասնակցել ռուս ընդդիմադիրների հետ հանդիպմանը, որն իբր տեսագրվել է և տեղ գտել «Բողոքի անատոմիա-2» ֆիլմում։ Ինչպես հայտնում է Газета-ն՝ այս մասին նա տեսահարցազրույցի ժամանակ ասել է Дождь հեռուստաալիքին։

 

«Խոսակցություններ եղել են, այդ թվում՝ ընդդիմադիրների շրջանում, թե իմ գործողություններն այսպես ասած խաղաքարտ տվեցին Պուտինի ձեռքը, որպեսզի նա հաշվեհարդար տեսներ իր ընդդիմության հետ...Պատասխանատվության զգացում ես չեմ կարող ունենալ, քանի որ այդ դեպքերին մասնակցություն չեմ ունեցել»,- ասել է Թարգամաձեն՝ պատասխանաելով այն հարցին, թե նա պատասխանատվություն կրո՞ւմ է «այն մարդկանց համար, որոնք անցնում են այսպես կոչված «Բողոքի անատոմիա» գործով։

 

Հինգշաբթի նա մոսկովյան դատարանի վճռով հեռակա կարգով ազատազրկման է դատապարտվել։ Պատգամավորը գտնվում է միջազգային հետախուզման մեջ։

«ՌԴ դատարանների կայացրած ոչ մի որոշում չի կարող սահմանափակել իմ տեղաշարժը, սա ցանկանում եմ ընդգծել։ Ես կանեմ հնարավորը, որպեսզի ոչ միայն ես, այլև բոլոր այն մարդիկ, ովքեր անձամբ նեղացրել են Պուտինին, ունենան Եվրոպայում ազատ տեղաշարժվելու հնարավորություն»,- ասել է քաղաքական գործիչը վրացական «Առաջին ռադիո»-ին։