Այլիսլիի դեմ կատարվածը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե արցախցիներն ինչու պետք է ինքնուրույն վճռեն իրենց ապագան. Ադամ Շիֆ

10:51 • 01.03.13

Ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն և Ադամ Շիֆը Սումգայիթի ջարդերի 25-ամյա տարելիցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով, որոնցում ևս մեկ անգամ դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի դեմ իրականացված սպանդը:

 


«1988թ. փետրվարի 27-ի երեկոյան հարյուրավոր հայեր վայրագորեն սպանվեցին, ոմանք կենդանի այրվեցին, ոմանց պատուհաններից շպրտեցին: Բռնաբարվեցին կանայք, խեղվեցին երեխաներ»,- նշել է ԱՄՆ Կոնգրեսի (օրենսդիր մարմին) հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն:

 

Նյու Ջերսի նահանգը ներկայացնող կանգրեսականն ընդգծել է, որ սումգայիթյան ջարդերը միայն սկիզբն էին երկարամյա բռնության, որը հաջողությամբ հրահրեցին Ադրբերջանի իշխանությունները:

 

«Երկու տասնամյակից ավելի Ադրբեջանի իշխանությունները փորձել են անտեսել ու թաքցնել այդ հանցագործությունները, և դրա փոխարեն հրահրել են ատելություն հայ ժողովրդի նկատմամբ,-նշել է Փալոնեն և ավելացրել,- Ոտնահարելով արդարադատության հիմնարար դրույթները՝ Ադրբեջանի կառավարությունը վերջերս ներում շնորհեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայում ցմահ ազատազարկման էր դատապարտվել՝ 2004թ., ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված դասընթացների ժամանակ  հայ սպային սպանելու համար (խոսքը Գուրգեն Մարգարյանի մասին է, որին Սաֆարովը կացնահարելով սպանել էր քնած ժամանակ-Tert.am): Ինձ շարունակում է ապշեցնել անմեղ հայերի դեմ բռնարարքների խրախուսման դեպքերը»:

 


Փալոնեն իր գործընկերներին  խնդրել է միանալ իրեն և կոչ անել Ադրբեջանի իշխանություններին՝  Ճանաչելու Սումգայիթի ջարդերը, արժանի գնատական տալու կատարվածին և կրկին բանտ  ուղարկելու Ռամիլ Սաֆարովին: «Ադրբեջանը պետք է վերջ տա իր այժմյան քաղաքականությանը և քայլեր ձեռնարկի խաղաղ ապագա կառուցելու համար»,-եզրափակել է կոնգրեսականը:

 

 

«1988թ. ձմռանը տեղի ունեցած եռօրյա ջարդերի հետևանքով բազմաթիվ հայեր զոհվեցին, նրանցից շատերին կենդանի այրեցին՝ դաժան ծեծի ենթարկելուց և խոշտանգելուց հետո: Հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: Գազանաբար բռնաբարվեցին կանայք և աղջիկներ: Ջարդերի հետևանքով հազարավոր էթնիկ հայեր փախստական դարձան»,-իր հայտարարությունում նշել է  Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ադամ  Շիֆը:


 

Կոնգրեսականն իր հայտարարությունում անդրադարձել է նաև ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի դեմ «Քարե երազներ» վեպի պատճառով Ադրբեջանում սկսված բողոքարշավին:  «Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ՝  գրողի գրքերը հրապարակավ այրվել են:  Նրան զրկել են ազգային գրական մրցանականրից: Նրա «մեղքն» այն է, որ  իր «Քարե երազներ» վեպում համարձակվել էր  հայ-ադրբեջանական հակամարտությունը դիտարկել հայկական տեսանկյունից»,-նշել է  Շիֆը:

 

Կոնգրեսականն ընդգծել է, որ Այլիսլիի դեմ սկսված արշավը ևս մեկ անգամ ապացուցում է Արցախի և նրա ժողովրդի ընտրած ուղու արդարացիությունը:

 

«Ադրբեջանի պետությունն իր այս նողկալի արարքներով (նկատի ունի նաև Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելն ու հերոսացնելը) ողջ աշխարհին ևս մեկ անգամ հիշեցրեց, թե ինչու Արցախի ժողովրդին պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն որոշելու սեփական ապագան, և թե ինչու պետք է թույլ չտալ, որ արցախցիները հայտնվեն Ալիևի ճիրաններում....»,-ասված է կոնգրեսականի հայտարարությունում: