Բուլղարիայում հակակառավարական ցույցերը շարունակվում են. փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ
Կիրակի օրը հազարավոր մարդիկ դուրս են եկել բուլղարական խոշոր քաղաքների փողոցներ՝ բողոքելով իշխանական օղակներում առկա կաշառակերությունից և բնակչության աղքատությունից, չնայած նրան, որ նրանց ցույցերի արդյունքում կառավարությունն արդեն իսկ հրաժարական է տվել, գրում է Риа Новости-ն՝ հղում կատարելով France Presse գործակալությանը:
Սոֆիայի կենտրոնում ոստիկանները շղթայել են մի ամբողջ թաղամաս, որտեղ ընթանում են թուրքական լծից ազատվելու 135-ամյակին նվիրված միջոցառումները: Մոտ 7.000 ցուցարարներ փակել են մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերը՝ միասնական վանկարկելով «Մաֆիա»:
Վառնա քաղաքում նմանատիպ ցույցին հավաքվել է շուրջ 50.000 մարդ: Ցուցարարները պառկել են քաղաքապետարանի առաջ՝ կազմելով «България» բառը և պահանջում են քաղաքապետի հրաժարականը: Ցույցերը ընթանում են առանց բախումների: Ըստ գործակալության տվյալների, ցույցեր են կազմակերպվել տասնյակ քաղաքներում և բնակավայրերում, որոնց մասնակցել է մի քանի հազար մարդ:
Ցույցերի ալիքը, որը սկսվել էր էներգիայի գների կտրուկ բարձրացման արդյունքում, Բուլղարիայի վարչապետ Բայկո Բարիսովին ստիպել էր, որպեսզի նա փետրվարի 20-ին հայտարարի կառավարության լուծարման մասին: Նախկինում նա խոստացել էր էլեկտրաէներգիայի գները կրճատել 8%-ով:Հինգշաբթի օրը խորհրդարանը հաստատել էր կառավարության հրաժարականը:










