Դեսպան Ղարիբջանյանը հանդիպել է ԱՄԷ խորհրդարանի նախագահի հետ

15:57 • 04.03.13

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը մարտի 3-ին հանդիպել է ԱՄԷ Ազգային Դաշնային խորհրդի (ԱԴԽ, խորհրդարան) նախագահ Մուհամմադ Ահմադ ալ-Մրրի հետ՝ վերջինիս Դուբայի նստավայրում, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության կայքը։ 


Հանդիպման սկզբում ԱՄԷ ԱԴԽ նախագահը ՀՀ դեսպանին խնդրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել վերընտրվելու կապակցությամբ իր շնորհավորանքները:


Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև հարաբերություններին, մասնավորապես` խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր:


ԱՄԷ ԱԴԽ նախագահը բարձր է գնահատեց երկկողմ հարաբերությունների մակարդակը և հայտնել ԱՄԷ իշխանությունների պատրաստակամությունն այն զարգացնելու ու ամրապնդելու ուղղությամբ` ընդգծելով հայ համայնքի կարևոր ներդրումը ԱՄԷ տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքի զարգացման գործում:


ՀՀ դեսպանի և ԱՄԷ ԱԴԽ նախագահի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդարանական փոխայցելությունների ու շփումների ակտիվացման, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության մասին իրավական փաստաթղթի ստորագրման շուրջ:


Այդ կապակցությամբ, ալ-Մրրին վերահաստատել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ԱՄԷ այցի հրավերը` նշելով, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացմանը: Զրույցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: