«Բեթմենը» հանցագործին հանձնել է բրիտանացի ոստիկաններին

18:39 • 04.03.13

Հայտնի սուպերհերոս Բեթմենի կոստյումով բրիտանացին անգլիական Բրեդֆորդ քաղաքում սկսել է «օգնել» ոստիկաններին, հայտնում է Life News-ը:

 

Անհայտ կամավորական Բեթմենն իր ձեռքով ոստիկանական բաժանմունք է տարել Բրեդֆորդում և Արևմտյան Յորքշիրում գողության ու խարդախության համար կասկածվող մարդուն:

 

Ըստ աղբյուրի՝ 27-ամյա հանցագործին բերած սուպերհերոս-իրավապահը կրկնակի շոկի է մատնել ոստիկաններին:
Հայտնի է, որ տղամարդը հանցագործին հանձնելուց հետո սուպերհերոսի պես էլ անհետացել է՝ ոստիկաններին ոչինչ չհայտնելով իր մասին:

 

Ոստիկանները կարծիք են հայտնել, որ տեղացի սուպերհերոսն ուշադիր ուսումնասիրել է ոստիկանության կողմից որոնվող իրավախախտների ցուցակները: Նրանք նաև ենթադրություն են հայտնել, թե Բեթմենը որոշել է առհասարակ հանցավորությունը Բրեդֆորդում արմատախիլ անել: