Ադրբեջանցին Կահիրեում փորձել է խանգարել հայկական թեմայով գիտաժողովի աշխատանքը

12:24 • 04.03.13

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը (աջ կողմում) և պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրին, որ Կահիրեում օրերս կազմակերպված «Հայ ժողովրդի ավանդը համաշխարհային քաղաքակրթության մեջ թեմայով» միջազգային գիտաժողովի ժամանակ ադրբեջանցի մի ուսանող փորձել է խաթարել գիտաժողովի խաղաղ ընթացքը։ 


Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ դրանով փորձ է արվել հարված հասցնել ոչ միայն գիտաժողովի հեղինակությանը, այլ նաև Եգիպտոսում ՀՀ պաշտոնական ներկայացուցչի կերպարին։


«Մեր զեկուցումներն անտեսվեցին, չկար ոչ մի հետաքրքրություն ադրբեջանցիների կողմից, և այդ ուսանողը Խոջալուի մասին հարց տվեց դեսպանին, և դեսպանը հարցին շատ զուսպ և հստակ պատասխանեց, ինչն էլ դուր չեկավ ներկաներին, և տեղի ունեցավ գիտաժողովի բնականոն աշխատանքի խաթարում»,– ասաց Ռուբեն Սաֆրաստյանը և նշեց, որ հետո արդեն այդ մասին Ադրբեջանի տարածած հայտարարությունը լիովին ապատեղեկատվություն էր։


Ռուբեն Սաֆրաստյանը նաև տեղեկացրեց, որ Կահիրեի համալսարանում արդեն մի քանի տարի գործում է հայագիտական կենտրոն, ինչը, նրա խոսքով, շատ կարևոր է մեզ համար, քանի որ նաև արաբ երիտասարդներն են սովորում հայերեն։


«Այդ աշխատանքի կարևոր մաս է կազմում հերթական գիտաժողովը, որի ժամանակ ներկայացնում էին հայ ժողովրդին»,–ասաց նա՝ հավելելով, որ, ցավոք սրտի, անձամբ տեսան, թե ինչպես է գործում ադրբեջանական քարոզչությունը։


Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանն էլ ասաց, որ Խոջալուի դեպքերի հետ կապված Ադրբեջանի քաղաքականությունն ակտիվացել է հատկապես վերջին շրջանում, և ըստ ադրբեջանցիների, իրենք գտել են այն կետը, որով կարող են կանգնեցնել հայ ժողովրդին։


«Մեր մասնագետների մեղքը նրանում էր, որ մենք նախահարձակ չեղանք, մենք դա բոլորս էլ քաջ գիտակցում ենք, և այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվում են»,– ասաց նա՝ ընդգծելով, որ Խոջալուի դեպքերի նման մատուցումը սադրանք է, բայց ադրբեջանցիներն արդեն հակահարվածներ ստանում են։


«Մենք, եթե թերացել ենք, այսօր էլ ավելի նախահարձակ կլինենք, որպեսզի միջազգային հանրությունը վերջապես հասկանա, որ Ադրբեջանը կեղծում է դարերի պատմությունը»,– նշեց Կարեն Խաչատրյանը։


Վերջինիս խոսքով՝ գիտաժողովի ժամանակ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը կարողացավ շատ ճիշտ ներկայացնել հարցերի պատասխանները, և ադրբեջանցիները այդքան էլ չհասան իրենց ուզածին։