Կիմ Չեն Ընը խնդրել է Օբամային զանգահարել իրեն

08:22 • 04.03.13

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խնդրել է իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամային զանգահարել իրեն։ Այս մասին, ինչպես հայտնում է Лента-ն, ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է օրերս Հս. Կորեա այցելած և երկրի առաջնորդի հետ հանդիպում ունեցած նախկին բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը։

 

Ինչպես հայտնել է նախկին բասկետբոլիստը, Կիմ Չեն Ընը վստահեցրել է իրեն, որ չի ցանկանում պատերազմել ԱՄՆ-ի հետ։ «Նա ցանկանում է, որպեսզի Օբաման մի բան անի՝ զանգահարի իրեն»,- ասել է Ռոդմանը։ Նա հավելել է, որ Ընը, ինչպես և ԱՄՆ նախագահ Օբաման, սիրում է բասկետբոլը և որ դա կարող է դառնալ երկու երկրների առաջնորդների միջև երկխոսության մեկնարկային թեման։

 

Ռոդմանը Հս. Կորեա էր այցելել փետրվարի վերջին։ Նա և Ընը բասկետբոլային հանդիպում են դիտել, շփվել են ինչպես թարգմանչի օգնությամբ, այնպես էլ անգլերենով։

 

Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո Ռոդմանն ասել է, որ «նա հանդիսանում է կորեացի առաջնորդի ընկերը ողջ կյանքի ընթացքում և սեր է խոստովանել Հս. Կորեայի ժողովրդին»։