Չինաստանում կանանց դիակներ են վաճառվում՝ հետմահու ամուսնանալ ցանկացողներին
Չինաստանում 4 մարդ է ազատազրկվել՝ գերեզմաններ փորելու, այնտեղից կանանց դիեր հանելու և ավանդական «ուրվական ամուսնությունների» համար վաճառելու համար, հայտնում է Courier Mail-ը՝ մանրամասներ հաղորդելով այդ երևույթի վերաբերյալ:
Ըստ այդմ՝ Չինաստանում գոյություն ունի այսպես կոչված ուրվական ամուսնությունը, երբ մահացած միայնակ տղամարդիկ թաղվում են անդրշիրիմյան կյանքի իրենց «կնոջ» հետ: Չնայած սա քիչ է կիրառվում, բայց այնուամենայնիվ որոշ ընտանիքներում հենց այդպես են հուղարկավորում որդիներին, որոնք մահանում են՝ չհասցնելով ամուսնանալ: Եվ սովորաբար այս հարցերը համաձայնեցվում են ընտանիքների միջև:
Սակայն Xian Evening News-ի տվյալներով՝ վերջին դեպքում 4 հոգանոց խումբը պարզապես «կանանց մարմիններ էր գողացել, լվացել էր դրանք, կեղծել հանգուցյալների բժշկական փաստաթղթերը և բարձր գնով վաճառել»: Դեպքերը գրանցվել են Չինաստանի հյուսիսի Շաանսի նահանգում, մեղավորները դատապարտվել են 28-32 տարվա ազատազրկման: Դատավորները նշել են, որ նրանք «օգտվել են» «վատ ավանդույթից»:
Պարզվել է, որ ընդհանուր առմամբ 10 հարսնացու է գերեզմանահանվել, իսկ եկամուտը այս գործարքներից կազմել է 240 000 յուան՝ 38 420 ԱՄՆ դոլար:










