Լեհաստանի նախկին նախագահին մեղադրում են հոմոֆոբիայի համար
Լեհաստանի դատախազության ուշադրության կենտրոնում է հայտնվել երկրի նախկին նախագահ Լեխ Վալենսան, ով ոչ պատշաճ կերպով է արտահայտվել միասեռականների հասցեին, հայտնում է Взгляд-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին։
Օրեր առաջ լեհական հեռուստաալիքներից մեկով հանդես գալու ընթացքում Խաղաղության Նոբելյան մրցանակակիրն ասել է, որ «փոքրամասնությունը չպետք է նստի մեծամասնության գլխին»։
Վալենսան նաև այն միտքն է արտահայտել, որ խորհրդարանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող օրենսդիրները պետք է նստեն վերջին շարքում կամ պատի տակ։
«Չեմ ուզում, որ այդ փոքրամասնությունը, որի հետ համամիտ չեմ, դուրս գա փողոց ու ճիշտ ճանապարհից շեղի իմ երեխաներին ու թոռներին»,-ասել է նա։
Վալենսայի նման դիրքորոշումը քննադատել են մի շարք քաղաքական կուսակցություններ, շարժումներ, լրագրողներ, հասարակական գործիչներ և նույնիսկ նրա սեփական որդին։
Արդյունքում Լեհաստանի աղանդավորներից և բռնություններից պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Ռիշարդ Նովակը դիմել է դատախազություն՝ հայտարարելով, որ Վալենսան իր վարքով ատելություն է քարոզում սեռական փոքրամասնությունների նկատմամբ։










