ԱՄՆ-ի պետքարտուղարն ասել է, որ Իրանը դեռ ժամանակ ունի
Իրանն անվտանգ միջուկային պոտենցիալ ունենալու իրավունք ունի, սակայն դրա համար որոշակի չափանիշներ գոյություն ունեն, որոնց այդ երկիրը պետք է հետևի։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Սաուդ ալ-Ֆեյսալի հետ հանդիպումից հետո:
Քերին, սակայն, նաև նկատել է, որ միջուկային խնդրով Իրանի հետ բանակցությունները չեն կարող հավերժ տևել՝ մասնավորապես ասելով, որ «Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական լուծման հնարավորությունների պատուհանը չի կարող անվերջ բաց մնալ»: Նա նաև նկատել է, որ բանակցությունները չեն կարող օգտագործվել որպես «ձգձգման գործիք»:
«Տվյալ խնդիրը լուծելու համար դեռ ժամանակ կա, եթե իրանցիները պատրաստ են դրան լուրջ մոտենալ, սակայն այդ ժամանակը սահմանափակ է», - ընդգծել է Քերին ու եզրափակել. «Մենք վճռական ենք Իրանին միջուկային զենք ստանալու հնարավորություն չտալու հարցում»:
Խոսելով տարածաշրջանի մասին՝ Քերին ասել է, թե սպառազինությունների մրցավազքը կարող է ծայրահեղականներին դրդել «կեղտոտ ռումբի» ստեղծման:
Սաուդյան Արաբիայում սպասվում է Քերիի հանդիպումը Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի հետ, որից հետո նա կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ և Կատար:










