Նստացույց-դասադուլ ԵՊՀ-ի դիմաց. ուսանողները պահանջում են Գևորգ Մելքոնյանի հրաժարականը (տեսանյութեր)
Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց այսօր առավոտից նստադուլ և դասադուլ է սկսել բուհի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Վազգեն Գալստյանը :
Tert.am-ի հետ զրույցում ուսանողն ասաց, որ նստացույցը կտևի ամեն օր՝ առավոտյան ժամը 10 -19-ը, և որ իր ակցիան ուղղված է ԵՊՀ-ում կրթությունն ավելի որակյալ դարձնելուն:
Սրան զուգահեռ, փոքրաթիվ՝ մոտ 15-20 ուսանողի մասնակցությամբ շարունակվում է անցած շաբաթվանից մեկնարկած դասադուլը:
Այսօր դասադուլավորները վանկարկումներով պահանջում են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի օգնական Գևորգ Մելքոնյանի հրաժարականը՝ նշելով, որ «փորձել է ուսանողների վրա ախալքալաքցիներ բերել», «զորք բերել», ինչը պատիվ չէ բուհի ռեկտորի օգնականի համար:
Հիշեցնենք, որ երբ նախորդ շաբաթ դասադուլներից մեկի ժամանակ Գևորգ Մելքոնյանը ոստիկանների ներկայությամբ հայտարարեց՝ «զորքը բեր առաջ, տղերքին՝ ախալքալաքցիներին, բեր առաջ» Facebook-ում բազմաթիվ օգտատերեր , այդ թվում ԵՊՀ դասախոսներ, ՀՀ ԿԳ նախարարից և ԵՊՀ ռեկտորից պահանջեցին պաշտոնապես պարզաբանել միջադեպը, և պատժել իրենց պաշտոնը չարաշահած և լիազորությունները գերազանցած անձանց:
Նշենք, որ Գևորգ Մելքոնյանը, ով մշտապես դասադուլավորներից պահանջում էր հեռանալ, այսօր, իր սովորության համաձայն, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց չէր:










