Սաակաշվիլին Իվանիշվիլիի հետ հանդիպումն «ինչպես միշտ հետաքրքիր» է անվանել
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպումից հետո ևս մեկ անգամ հայտարարել է, որ մտադիր չէ լուծարել կառավարությունը, քանի որ իշխանափոխությունից հետո կարճ ժամանակ է անցել նոր նախարարների գործունեությունն ադեկվատ գնահատելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Բազմաթիվ շահարկումներն այն մասին, թե ես, հնարավոր է, օգտագործեմ կառավարությունը կամ խորհրդարանը լուծարելու իրավունքը, չեն համապատասխանում իրականությանը։ Այդ կառավարությանն ընտրել է վրաց ժողովուրդը, և այն (կառավարությունը) ունեցել է շատ քիչ ժամանակ, որպեսզի ես կամ ժողովուրդն ադեկվատ գնահատական տանք նրա գործունեությանը»,- ասել է Սաակաշվիլին։
Նախագահը վարչապետի հետ հանդիպումն «ինչպես միշտ հետաքրքիր» է անվանել և ընդգծել, որ նման զրույցները պետք է շարունակվեն նաև ապագայում։










