Քաղաքապետի ընտրությունների թեման հրապարակ է մտցվում ավելի շատ, որ ճգնաժամի թեման փոխվի. Ս. Սաֆարյան
«Ժառանգության» քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը բացառում է, որ կուսակցությունը չմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին, (մանավանդ, որ «Ժառանգությունը» պաշտոնապես ափսոսանք է հայտնել 2009–ի ընտրություններին չմասնակցելու համար - Tert.am ) սակայն Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս խնդիրը հրապարակ է մտցվում ոչ այնքան այն պատճառով, որ քաղաքապետի ընտրություններն արդեն մոտենում են, որքան, որպեսզի ճգնաժամի թեման փոխվի:
Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ քաղաքապետի ընտրությունները, թեև «Ժառանգության» օրակարգի թիվ մեկ խնդիրը չեն, բայց կուսակցությունը հընթացս կներկայացնի կմասնակցի արդեն սահմանված ժամանակացույցով ընտրական գործընթացներին՝ ցուցակների ներկայացում, առաջադրում, գրանցում և այլն:
Խոսելով ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձի մասին, Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ ընդհանրապես, Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձները ուշագրավ պատմություն ունեն այն առումով, որ դրանցից որևէ մեկում նշված չէ, որ նա վերընտրվել է լավ ընտրությունների արդյունքում։
«Ընդամենը փաստն է արձանագրվում, որ ինքը դե ֆակտո վերընտրվել է, թե ինչպիսի, ի՞նչ որակի ընտրություններով, որևէ մեկը դրա մասին չի խոսում»,- ասաց նա:
«Շատ նուրբ հասկացնում են, որ Հայաստանը ժողովրդավարության խնդիրներ ունի՝ հույս հայտնելով, որ Հայաստանը կշարունակի բարեփոխումները: Այսինքն՝ հասկացրել են, որ Հայաստանը ժողովրդավարության հետ կապված խնդիրներ ունի, դրանով իսկ ցույց տալով էդ ընտրությունների որակը, եթե խոսում են, որ Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման երկրորդ շրջանում կշարունակի իր բարեփոխումները»,– ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձում նշել էր, թե ակնկալում է, որ շարունակելու են համատեղ աշխատանքը: «Մենք մեծապես հանձնառու ենք նպաստելու Հայաստանի զարգացմանը և ակնկալում ենք, որ Դուք Ձեր առաջնորդությամբ առաջ կտանեք ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական բարեփոխումների շարունակական գործընթացը, ինչը հնարավորություններ կընձեռի թե՛ Հայաստանի ժողովրդի և թե՛ամերիկացիների համար, որոնք ակնկալում են ներդրում ունենալ նշանակալի ներուժ ունեցող արժեքավոր գործընկերոջ երկրում: Մենք կշարունակենք մեծապես աջակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առաջընթացին, որը պահանջում է բովանդակալից քայլ ձեռնարկել դեպի կարգավորում»,- ասված է Օբամայի ուղերձում:
Ստյոպա Սաֆարյանը հավելեց, որ պաշտոնավարման երկրորդ շրջանի մասին հիշատակումով ԱՄՆ-ը չի թաքցնում իր սպասումները Սերժ Սարգսյանից՝ աշխարհաքաղաքական խնդիրների լուծման կապակցությամբ:
Մասնավորապես, Բարաք Օբաման, ըստ Ստյոպա Սաֆարյանի, հանդիմանել է Սերժ Սարգսյանին, որ նա բովանդակային քայլեր չի ձեռնարկել (ասաց՝ որ տերմինը իրենն է ) Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման կապակցությամբ և ակնկալում է, որ այս անգամ դա կանի, իսկ երկրորդը հայ–թուրքական հարաբերությունների վերակենդանացման ջանքն է:
Ստյոպա Սաֆարյանը հավելեց, որ սրանից մի քանի օր առաջ թուրքական կողմը դիվանագիտական աղբյուրի միջոցով հրապարակ է նետել հայ-թուրքական հարաբերություններով առաջ շարժվելու անհրաժեշտությունը Ղարաբաղի խնդրում բեկում մտցնելու համար:
«Որից հետո սպասվում էր, որ Օբաման հանուն այդ երկու խնդիրների լուծման, որոնք կարևոր են ԱՄՆ շահերի լուծման համար, առիթը բաց չի թողնի և Սերժ Սարգսյանի լեգիտիմության պակասի խնդիրը կկապի այդ հարցերի հետ, ինչը և արեց»- ասաց նա:
Ի պատասխան հարցի, թե ԱՄՆ–ը մեկ անգամ չէ, որ այդ հարցը բարձրացրել է, սակայն այս անգամ նախագահական ուղերձում դրա հիշատակումից հետո կարելի՞ է համարել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նորից լինելու է հայաստանյան ներքաղաքական օրակարգում, Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այս հարցում սահմանված է նվազագույն և առավելագույն ծրագիր:«Բայց, իհարկե, կցանկանա առաջ շարժվել էս հարցերով և, հետևաբար, կարծում եմ, որ օրակարգում այն հայտնվելու է, որովհետև նաև թուրքական կողմը հերթական անգամ Հայաստանին այսպես ասեմ՝ պրոցեսի մեջ ներգրավելու անհրաժեշտություն ունի, քանի որ գնալով մոտենում ենք Ցեղասպանության 100–րդ տարելիցին, և բնական է, որ մի կողմից թուրքական կողմն է շահագրգիռ պրոցես սանձազերծելու, որպեսզի Հայաստանը կաշկանդված մնա, մյուս կողմից ԱՄՆ է փորփրելու այդ առիթն օգտագործելու որպես առաջ շարժվելու հնարավորություն»- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի՝ շաբաթ օրը տեղի ունեցած առանձնազրույցին և դրան հաջորդած նույնանուն խմբակցությունների անդամների ընդլայնված կազմով շուրջ երեք ժամ տևած հանդիպումներին, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ այս և դրան նախորդած հանդիպումներ կարելի է անվանել քաղաքական կոնսուլատացիներ՝ նշելով, որ դրանք «ճգնաժամի լուծման հնարավորությունները պահելու» համար են:
«Այնպիսի կոնսուլտացիաներ, ինչպիսին տեղի են ունեցել նախկինում: Հիշում եք… Էսպես ասեմ, Րաֆֆի Հովհաննիսյանը, համենայնդեպս, իր ստրատեգիայում փորձում է հաղորդակցության խողովակները բաց պահել բոլորի հետ՝ Սերժ Սարգսյանից մինչև ԲՀԿ, և քաղաքական այլ ուժեր: Եվ այս հանդիպումները դրա վկայությունն են և դրանք, ասեմ, որ «Ժառանգության» առաջնորդին անհրաժեշտ են ճգնաժամի լուծման հնարավորությունները պահելու համար»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:










