Սումգայիթի ջարդերի 25-ամյա տարելիցը նշել են ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում և Չեխիայում (լուսանկարներ)
Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մարտի 3-ին մատուցվել է պատարագ և տեղի է ունեցել հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հոր պատգամից հետո ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և ԼՂՀ ներկայացուցիչը հանդես են եկել ելույթներով` իրենց խոսքում, մասնավորապես, ընդգծելով Սումգայիթում և այլ բնակավայրերում հայերի դեմ իրականացված ոճրագործությունների ոգեկոչման արարողությունների կարևորությունը Սփյուռքում, հատկապես` Ադրբեջանի կողմից սեփական պատմության վերանայման ուղղությամբ Վաշինգտոնում և այլ մայրաքաղաքներում սանձազերծած քարոզչության ֆոնին:
Մեծ Բրիտանիա
Մարտի 3-ին բրիտանահայ համայնքային ուսանողական կազմակերպությունների ջանքերով Լոնդոնի հանրահայտ Թրաֆալգար հրապարակում կազմակերպվել է սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված լուռ բողոքի ակցիա: Ավելի քան երեք ժամ տևած ակցիային, ընդհանուր առմամբ, մասնակցել են շուրջ յոթ տասնյակ հայեր: Խաղաղ ցույցի ընթացքում պարզվել են Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաև բազմաբնույթ բողոքի պաստառներ: Ցույցի մասնակիցները նաև անցորդներին բաժանել են Սումգայիթյան ողբերգության մասին պատմող բրոշյուրներ:
Նույն օրը Հայ Առաքելական Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի բոլոր եկեղեցիներում տրվել է հոգեհանգստի պատարագ սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին: Բողոքի այս ակցիայով Միացյալ Թագավորությունում մեկնարկ է տրվել Ղարաբաղյան շարժման ու սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքին, որոնք կազմակերպվելու են ամբողջ մարտ ամսվա ընթացքում:
Չեխիա
Մարտի 2-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում երկու հարյուրից ավելի չեխահայեր և չեխեր հանրահավաք-երթով հարգել են սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը:
Երթը, որին մասնակցել են հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի սաներ, մեկնարկել է մարդաշատ Հանրապետության հրապարակում:
Այնուհետև ցուցարարները, ծածանելով Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Չեխիայի պետական դրոշները, կրելով սումգայիթյան ոճրագործությունը, և Ադրբեջանի հակահայ ռազմաշունչ քաղաքականությունը դատապարտող բազմաթիվ պաստառներ և Սումգայիթի ջարդերի զոհերի լուսանկարներ, շարժվել են դեպի կենտրոնական՝ Հին քաղաքի հրապարակ, ուր իրենց բողոքն են արտահայտել Ադրբեջանի բռնատիրական, ագրեսիվ և հայատյաց քաղաքականության դեմ:
Շաբաթօրյա դպրոցի աշակերտներն անցորդներին ու հետաքրքրվողներին բաժանել են սումգայիթյան ջարդերին նվիրված հազարից ավելի տեղեկատվական նյութեր:
Երթը եզրափակվել է Սուրբ Եղիայի եկեղեցում, ուր ելույթ է ունեցել Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Նա, դիմելով ցույցին մասնակցած չեխահայ բազմությանը, մասնավորապես, նշել է, որ դա ոչ միայն սգո և ոգեկոչման երթ էր, այլ նաև Չեխիայի հայ համայնքի միասնական ուժի դրսևորման երթ:
«Դուք կարողացաք հնչեցնել մեր հիմնավորված, արդար պահանջները, արտահայտել անարդարության դեմ հայ ժողովրդի բողոքը: Մեր միասնությունը հզոր պատասխան է Ադրբեջանին և իր կաշառված «բարեկամներին»,– ասել է նա:
«Հայաստանը և հայ ժողովուրդը պատերազմ չեն ուզում, Հայաստանի Հանրապետությունը ջանք չի խնայում հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերի համապատասխան խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու հարցում: Բայց մենք պարտավոր ենք պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում պաշտպանելու մեր Հայրենիքը, պարտավոր ենք հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը` ամրագրելով սեփական ճակատագիրը տնօրինելու, ապահով, երջանիկ ու արարիչ կյանքով ապրելու արցախցիների արդար իրավունքը»,– ավելացրել է նա:
Այնուհետև Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցել է Արցախի, Սումգայիթի, Բաքվի, Գանձակի և Շահումյանի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ, որին հաջորդած ելույթում Չեխիայի հայերին կոչ է արել էլ ավելի համախմբվել ազգային գաղափարախոսության, հայոց պետականության և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ:
Հանրահավաք-երթը լուսաբանվել է չեխական ČT-24 հեռուստատեսության և «Օրեր» եվրոպական անկախ պարբերականի կողմից:










