Բեքհեմը դարձել է չինական ֆուտբոլի դեսպանը
Անգլիացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը համաձայնվել է դառնալ չինական ֆուտբոլի դեսպանը, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Ֆուտբոլիստը Չինական ֆուտբոլային ասոցիացիայի հետ համագործակցության մասին համաձայնագիր է կնքել։ Նա օգնելու է չինական սուպերլիգային դուրս գալ համաշխարհային մակարդակ, ինչպես նաև բարելավել Չինաստանի հավաքականի վարկանիշն աշխարհում։
«Ինձ համար մեծ պատիվ է նման կարևոր դեր խաղալ չինական ֆուտբոլի համար։ Ինձ իրոք հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունն աճում Չինաստանում»,-հայտարարել է Բեքհեմն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել համաձայնագրի կնքման մասին։
Թե ինչ ժամանակահատվածի համար է պայմանագիրը, հայտնի չէ։
Վերջին տարիների ընթացքում չինական ֆուտբոլի հեղինակությունը կտրուկ ընկել էր՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով։










