Վենեսուելայի իշխանությունները հաղորդել են Չավեսի առողջության վատացման մասին

09:34 • 05.03.13

Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են Կարակասի զինվորական հոսպիտալում գտնվող նախագահ Ուգո Չավեսի վիճակի վատացման մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

«Չավեսի մոտ շնչառական համակարգի գործառույթների հետ կապված խնդիրներ են առաջացել»,-հայտարարել է Վենեսուելայի տեղեկատվության և կապի նախարար Էռնեստո Վիլեգասը՝ ազգային հեռուստաընկերության եթերում։

 

Նրա խոսքով՝ նախագահի շնչուղիներում նոր, լուրջ վարակ է առաջացել։

 

Նախարարը հիշեցրել է, որ Կուբայում երկարատև բուժումից հետո Չավեսն այժմ նոր և շատ ուժեղ քիմիաթերապիայի կուրս է անցնում։

 

Երկու շաբաթ առաջ Ուգո Չավեսը շտապ տեղափոխվել էր Կարակասի ռազմական հոսպիտալ, ինչից հետո Վենեսուելայի իշխանությունները հրապարակել էին նրա լուսանկարը՝ հիվանդասենյակում՝ երկու դստրերի հետ։

 

Ավելի ուշ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ անջատել են Չավեսի արհեստական շնչառական սարքերը, որոնց շնորհիվ նա կենդանի էր մնում, սակայն Վենեսուելայի իշխանությունները հերքել էին այս տեղեկությունը։