ԱԳՆ շենքի աճուրդը չի կայացել. շենքը կվաճառվի Էռնեկյանին
Այսօր 12.30 –ին սկսվել և մի քանի րոպեից ավարտվել է ՀՀ Արտգործնախարարության շենքի համար մեկ ամիս առաջ հայտարարված աճուրդը։ Պետական գույքի մասնավորեցման վարչության կազմում գտնվող «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի անդամներից կազմված մրցութային հանձնաժողովի անդամները հայտարարել են, որ աճուրդը չի կայացել հավակնորդներ չլինելու պատճառով: Այս մասին Tert.am-ին հայտնեց Պետգույքի մասնավորեցման վարչության մամուլի քարտուղար Մարգարիտ Սիմոնյանը՝ նշելով, որ երեկ աշխատանքային օրվա ավարտին ևս պարզ է եղել, որ ԱԳՆ շենքի համար հավակնորդներ չկան:
«Ինչը նշանակում է, որ էռնեկյանի առաջարկը մնում է ուժի մեջ»,- ասաց Մարգարիտ Սիմոնյանը՝ հղում անելով Կառավարության նախորդ տարվա դեկտեմբերի 27 –ի որոշմանը, որ եթե շենքի համար աճուրդով ավելի բարձր գին չլինի, ուրեմն շենքը կվաճառվի Էդուարդո էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը:
Հիշեցնենք, որ ԱԳՆ շենքի աճուրդի մեկնարկային գին էր սահմանվել 51, 270 մլն ՀՀ դրամ՝ 14, 2 հազար քառ. մետր տարածքի համար: Նշենք, որ բացի ԱԳՆ-ի շենքի վարչական տարածքից դրանում ներառվում են նաև Տարածքային կառավարման և Էներգետիկայի նախարարությունների շենքերը:
Հիշեցնենք, որ 2012-ի վերջին հայտարարվեց, որ անցած տարի հոկտեմբերի 4-ին Կառավարության որոշմամբ ԱԳՆ շենքը վաճառվել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը։ Սակայն ավելի ուշ հայտարարվեց, որ շենքը կվերվաճառվի աճուրդով։
Ի պատասխան հարցի, թե ինչու մի քանի անգամ ԱԳՆ շենքի հետ կապված որոշումները փոխվեցին, Մարգարիտ Սիմոնյանը նշեց, որ ընդառաջելով հասարակական տրամադրություններին, թե հնարավոր է՝ շենքի համար ավել բարձր գին տրվի, ուղղակի վաճառքը փոխարինվեց աճուրդով, սակայն պարզվեց, որ այլ ցանկացողներ չկան:










