Մոսկվայում ադրբեջանական ծագմամբ գնդապետ է սպանվել
Մոսկվայի կենտրոնում սպանվել է ՌԴ պաշտպանության նախարարության գնդապետ Ադիլ Մահմուդովը։
Մարդասպանը 45-ամյա ադրբեջանցուն սպանել է այսօր, երբ նա ճաշելիս է եղել ռեստորանում։ Նախնական տվյալներով՝ մարդասպանը կրակել է զինվորականի ճակատին, և նա ստացած վնասվածքից տեղում մահացել է։
«Ժամը 12։40-ին հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը մտել է ռեստորան և կրակել է այցելուներից մեկի վրա։ Ենթադրվում է, որ օգտագործվել է մարտական զենք»,- Life News-ին պատմել են Մոսկվայի իրավապահ մարմիններից։
Life News-ի տվյալներով՝ գնդակահարված զինվորականը մայրաքաղաքային գնդերից մեկի հրամանատարի տեղակալն է։
«ՌԻԱ Նովոստի» գործակալության աղբյուրները, սակայն, չեն հաստատել տեղեկություններն այն մասին, որ Մահմուդովը ռազմական գերատեսչության հետ կապ ունի։ «Կովկասյան արտաքինով տղամարդը կրակել է մեկ այլ՝ դարձյալ կովկասյան արտաքինով այցելուի գլխին։ Վերջինս տեղում մահացել է»,-ասել է աղբյուրը։
Կրակողին դեպքի վայրում բռնել չի հաջողվել, այժմ նա հետախուզման մեջ է։ Հնարավոր դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։










