Նյու-Յորքի երկնքում անօդաչու թռչող սարք են նկատել
ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը հետազոտում է Alitalia ավիաընկերության օդաչուներից մեկի հայտարարությունը, որում նշվում է, որ Նյու-Յորքի Քենեդիի անվան օդանավակայանում վայրէջք կատարելիս նա օդում նկատել է անօդաչու թռչող սարք, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Associated Press-ին:
Օդաչուն օդանավակայանին մոտենալիս դիսպետչերներին հայտնել է, որ Նյու-Յորքի գլխավոր օդանավակայանից 7-8 կմ հեռավորությամբ՝ 300 մետր բարձրության վրա, թռչում է անօդաչու թռչող սարք: Alitalia օդաչուն սարքի վրա ոչ մի նույնականացման նշաններ չի հայտնաբերել, սակայն նշել է, որ այն տեսել է նաև իր գործընկերը:
Ամերիկյան կառավարական գերատեսչություններից ոչ մեկը չի հայտարարել, որ սարքը պատկանում է իրեն: Անօդաչու թռչող սարքի պատկանելիությունը պետք է ճշտի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը:










