Օբաման Կիմ Չեն Ընին զանգահարելու ցանկություն չունի

10:36 • 05.03.13

Միացյալ Նահանգների վարչակարգի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին հայտարարել է, որ Բարաք Օբաման Կիմ Չեն Ընին զանգահարելու հարց չի դիտարկում, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով The Hill-ին։ Քարնիի խոսքով՝ Օբաման չի կատարի Հյուսիսային Կորեայի առաջնորդի խնդրանքը։

 

ԱՄՆ նախագահի վարչակարգը նաև առաջարկել է Հս. Կորեայի իշխանություններին «Էլիտային զվարճացնող հայտնի մարզիկների» երկիր հրավիրելու համար մեծ գումարներ ծախսելու փոխարեն ուշադրություն դարձնել սեփական ժողովրդի բարեկեցությանը։

 

«Մենք կոչ ենք անում ԿԺԴՀ առաջնորդներին հետևել նախագահ Օբամայի՝ խաղաղության ուղին ընտրելու կոչին և կատարել միջազգային պարտավորությունները»,- հայտարարել է Քարնին՝ հավելելով, որ Փհենյանը շարունակում է խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և սպառնալ միջազգային հանրությանը։



Այն մասին, որ ԿԺԴՀ առաջնորդը խնդրել է Օբամային զանգահարել իրեն, մարտի 3-ին հայտնել է նախկին բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը, ով Հս. Կորեա էր այցելել փետրվարի վերջին։