Ամերիկացի բասկետբոլիստին վռնդել են հյուրանոցից՝ անդադար կորեացի առաջնորդի գովքն անելու համար
Ամերիկացի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանին վռնդել են նյույորքյան հյուրանոցից, քանի որ նա «տանջել է» հյուրանոցի հաճախորդներին՝ անընդհատ գովաբանելով Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, ում հետ հանդիպել է օրերս։
Վերջերս կատարած այցելությունը Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն այնքան է ազդել NBA-ի հնգակի չեմպիոնի վրա, որ նա որոշել է կիսվել տպավորություններով Նյու Յորքի Time Hotel-ի բարի բոլոր այցելուների հետ։
Նա երեք ժամ է անցկացրել բարում՝ պատմելով, թե ինչ լավ տղա է Կիմը, և նա պարզապես ցանկանում է զրուցել նախագահ Օբամայի հետ բասկետբոլի մասին։ Նա թափահարել է առաջնորդի մանիֆեստի թղթիկը՝ պնդելով, որ այն պետք է կարդան բոլորը։
Ռոդմանը, սակայն, թույլ չի տվել որևէ մեկին արտահայտվել և չի ցանկացել լսել այցելուների տեսակետներն այն մասին, որ ԿԺԴՀ-ն տոտալիտար երկիր է։
Արդյունքում՝ հյուրանոցի աշխատակիցները ստիպված են եղել բասկետբոլի աստղին «ցույց տալ դուռը»։
Ավելի ուշ Ռոդմանը նույն նպատակով այցելել է նաև «Մարիոթ» հյուրանոց։










