Հանրային հեռուստառադիոընկերության խորհդի նախագահը Ռուբեն Ջաղինյանն է
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն այսօր մոտ երկու ժամ տևած իր նիստի արդյունքում միաձայն Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է ընտրել Ռուբեն Ջաղինյանին:
Այս մասին Tert.am-ին հայտնեց խորհրդի անդամ Մերուժան Տեր-Գուլանյանը՝ մանրամասնելով. «Նախքան քվեարկությունը ներկայացրեց՝ ինչպես է պատկերացնում հեռուստատեսությունը: Հետաքրքիր էր, ինքը պրոֆեսիոնալ մարդ է, տեղյակ մարդ է, գիտի նաև ուր է եկել, հրաշալի պատկերացնում է Հ1-ի վիճակը և՝ ինչպես այն կարելի բերել ժամանակի շնչին: Մանավանդ այն դեպքում, որ շուտով հեռուստատեսությունը պետք է թվայնացվի : Էնպես որ, մարդը ճիշտ տեղում է, և Աստված առաջ»:
Tert.am-ին Ռուբեն Ջաղինյանն ասաց, որ բացի սկզբնական կոնցեպտից, որը ներկայացրել է, կա միջնաժամկետ կոնցեպտ, որի վրա հիմա աշխատում է:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանի լիազորությունների ավարտից հետո ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի թափուր անդամի ընտրության մրցութային հանձնաժողով, որն էլ հաղթող ճանաչեց Ռուբեն Ջաղինյանին և Աստղիկ Ավետիսյանին, սակայն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 1-ի հրամանագրով Ռուբեն Ջաղինյանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակվեց վեց տարի ժամկետով: Ինչից հետո արդեն խորհրդի ներսում տեղի ունեցավ խորհրդի նախագահի ընտրություն:










