Վարդան Սեդրակյանը հերքել է իրեն ձերբակալելու մասին լուրը
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը ձերբակալված չէ, իր աշխատանքի վայրում հանգիստ նստած է և սպասում է, թե Սերժ Սարգսյանը երբ է հեռանալու, որ նոր ընտրություններ նշանակեն: Tert.am –ի հետ զրույցում այս տեղեկությունը փոխանցեց հենց ինքը Վարդան Սեդրակյանը, ի պատասխան հարցի, թե որքանով է հավաստի կայքերից մեկում հայտնված տեղեկությունը, թե նա ձերբակալվել է, ապա ստորագրությամբ բաց թողնվել:
Նշենք, որ այդ մասին հայտնել էր, մասնավորապես, Henaran.am կայքը։
Նշենք, որ իր հնարավոր ձերբակալության մասին հայտարարել էր ինքը՝ Սեդրակյանը ևս, ասելով, որ ընտրությունից հետո, իրեն մինչև փետրվարի 25-ը կձերբակալեն Ազգային անվտանգության ծառայությունում՝ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում:
«Դէ, էն ժամանակ ասացի՝ իրենց ծրագիրն է, որը ինչքան կհաջողվի, թե չի հաջողվի, արդեն չէի կարող ասել»,- ասաց Վարդան Սեդրակյանը:
Նա նշեց, որ այդ գործի մասին գիտի այնքան, ինչքան գրվում է մամուլում և ավելացրեց, որ որևէ անգամ չի հարցաքննվել այդ գործով:
Հիշեցնենք, որ հաղորդվեց, որ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը կատարելու կասկածանքով կալանավորված Սամվել Հարությունյանը և Խաչատուր Պողոսյանը կապեր ունեն Վարդան Սեդրակյանի հետ, որը նրանց հարևանն է, և որի բնակարանն ու առանձնատունը վերանորոգել են:










