Մասնագիտությամբ հայ էր Վազգեն Սարգսյանը ու այն մտավորականը, ով գրիչը փոխարինեց զենքով. մարտական ընկեր

12:21 • 05.03.13

Լուսանկարը՝ hovikcharkhchyan.wordpress.com-ի
 

Ռազմական գործիչ, մտավորական ու մասնագիտությամբ հայ էր Վազգեն Սարգսյանը. ահա այսպես բնորոշեց Սպարապետին նրա մարտական ընկեր Մուրադ Կիրակոսյանը: Նա ընդգծեց, որ Վազգեն Սարգսյանը մտավորականի այն տեսակից է, ով գրիչը փոխարինեց զենքով:


«Սպարապետը ուներ համախմբելու յուրահատուկ հատկանիշ և որի շնորհիվ էլ համախմբեց բոլորին ու գնաց պատերազմի: Ես չեմ ուզում Վազգենին փառաբանել, քանի որ նա դրա կարիքը չունի: Վազգենին, նրա մարդ տեսակին լրագրողական ոչ մի գործունեություն չի կարող ներկայացնել: Վազգենը այն անձնավորությունն էր, որ ինչ կասեր տեսախցիկի առջև, նույնը կասեր սրճարանում ու այլ տեղում: Չէր սիրում իր հասցեին գովեստի խոսքեր»,- ասաց նա և ավելացրեց, որ նա այնքան հայ էր, որ ասում էր. «Բանանը լավ միրգ է, բայց ծիրանիս հետ չեմ փոխի, ասետրինան լավ ձուկ է, բայց իշխանիս հետ չեմ փոխի: Փողոցում, եթե վուլգար հագնված աղջիկ էր տեսնում, նյարդայնանում էր ու ասում՝ մի՞թե հեր չունի էս աղջիկը»,- ասաց նա:


Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է այսօր: Նախկին վարչապետն ու պաշտպանության առաջին նախարարն այսօր կդառնար 54 տարեկան: Վազգեն Սարգսյանը եղել է «Երկրապահ» կամավորական ջոկատի հրամանատարը, (1990-1992թթ), «Միասնություն» դաշինքի համանախագահը։ Արժանացել է ՀՀ Ազգային հերոսի, Արցախի հերոսի կոչման, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ։ 1999-ի հոկտեմբերի 27-ին նա ԱԺ դահլիճում տեղի ունեցած ոճրագործության զոհ դարձավ:


Մուրադ Կիրակոսյանը պատմեց, որ դեռևս 1993-ին ընտանիքը նրա առջև ամուսնության հարց էր դրել, ու ինքն էլ էր ձգտում ընտանիք կազմել, սակայն ամեն տարի կրկնում էր՝ «այս տարի»:


«1998-ին մնացել էր մի պահ, որ ամուսնանար, աղջիկ էինք ուզում փախցնել, բայց չարեցինք, իսկ թե ինչու չարեցինք, չեմ կարող ասել»,- պատմեց ընկերը:  Մուրադ Կիրակոսյանը նշեց, որ նա իր մարտական բոլոր ընկերներին հորդորում էր չմտնել քաղաքականության մեջ, քանի որ «այն մարդուն կուլ է տալիս»: Այնուհետև ավելացրեց. «Այնուամենայնիվ, նա ճիշտ էր քաղաքականության մեջ մտած նախկին ռազմիկների 99%-ին կուլ տվեց»:


Իսկ անդրադառնալով Վազգեն Սարգսյանի քաղաքականությամբ զբաղվելու հանգամանքին ու թե ինչ սխալներ է այդ ընթացքում գործել վերջինս, նա ասաց.


«Քաղաքական սխալ չի գործել, Վազգենը քաղաքականությամբ զբաղվելու իր ինը տարիների ընթացքում ՀՀ-ի համար իր ծրագրերի, իր մուրազի տասը տոկոսն իրագործեց, ինչը տեսանելի էր: Պատկերացրեք, եթե բան չլիներ հոկտեմբերի 27-ին ինչեր կաներ»,- ասաց նա:


Tert.am-ի հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք, որ երբևէ կբացահայտվի հոկտեմբերի 27-ը, պատասխանեց. «Ոնց դուք, էդպես էլ ես, իհարկե, կբացահայտվի»։ Սակայն նաև հավելեց, որ վստահ չէ, որ դա հնարավոր է այս իշխանության օրոք: