Բելառուսում իջեցվել են պետական դրոշները՝ ի հիշատակ Չավեսի

16:00 • 06.03.13

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է երկրում խոնարհել դրոշները՝ ի հիշատակ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի, հայտնում է Gazeta-ն:

 

Ինչպես նշվում է Բելառուսի հեռուստառադիոընկերության կայքում. «Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որոշմամբ՝ Բելառուսում իջեցված են պետական դրոշները: Ժողովուրդը ցավում և կիսում է վենեսուելացիների կորստի ցավը»:

 

Լուկաշենկոն հայտնի է որպես Չավեսի բարեկամ: Անցած տարի հոկտեմբերին Վենեսուելայում նախագահական ընտրությունների ժամանակ Լուկաշենկոն հայտարարել էր, որ անքուն գիշեր է անցկացրել:

 

2006-ին Բելառուս կատարած այցի ժամանակ Չավեսն ասել էր, թե կառավարման բելառուսական համակարգը կարող է օրինակ ծառայել Վենեսուելայում նոր հասարակության կառուցման համար: Ավելի ուշ նա Լուկաշենկոյին իր եղբայրն էր անվանել:

 

Երկու տարի քաղցկեղի դեմ պայքարող Չավեսը մահացել էր նախօրեին, Կարակասի ռազմական հոսպիտալում: