Բրիտանիան Ավստրալիայի օրինակով «սարսափազդու պատկերներով» ծխախոտատուփեր կստեղծի

14:22 • 06.03.13

Մեծ Բրիտանիան որոշել է հետևել Ավստրալիայի օրինակին և մտցնել միասնական ծխախոտատուփ՝ ծխելու աղետալի հետևանքների պատկերներով, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով The Guardian-ին։

 

Նոր օրինագծի մասին պաշտոնապես կհայտարարի Էլիզաբեթ 2-րդ թագուհին՝ այս տարվա մայիսին։ Ենթադրվում է,որ ծխելը կարգելվի նաև ավտոմեքենաներում, եթե դրանցում գտնվի մինչև 16 տարեկան երեխա։

Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը միասնական տուփի ներդրման գաղափարն առաջարկել էր նախորդ շաբաթ։

 

«Մենք ցանկանում ենք հետևել Ավստրալիայի օրինակին։ Մեր ունեցած տվյալները մեզ թույլ են տալիս կարծել, որ դա կվախեցնի երիտասարդ ծխողներին։ Մենք խոսում ենք օրենսդրական նախաձեռնության մասին»,- ասել է կառավարության աղբյուրը։

 

Մեծ բրիտանիայում կտրուկ աճում է ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից մահվան դեպքերի թիվը։
Policy Exchange վերլուծական կենտրոնի տվյալների համաձայն՝ ամեն տարի Բրիտանիայում մահանում է ավելի քան 100.000 մարդ, և դա բյուջեին «արժենում է» 14 մլրդ եվրո։

 

2012-ի դեկտեմբերի1-ից Ավստրալիան առաջին երկիրն է դարձել աշխարհում, որը մտցրել է միասնական ծխախոտատուփ։