Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյին` նախագահ Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ

18:57 • 06.03.13

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության փոխնախագահ Նիկոլաս Մադուրո Մորոսին՝ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավես Ֆրիասի մահվան կապակցությամբ, տեղեկանում ենք president.am կայքից: 

 

Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում ասված է. 

 

«Հարգելի պարոն Մադուրո,

 

Խոր ցավով տեղեկացա Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահ, Վենեսուելայի ժողովրդի մեծ առաջնորդ Ուգո Չավես Ֆրիասի անժամանակ մահվան մասին:

 

Կյանքից հեռացավ բացառիկ մի անհատականություն, ազդեցիկ քաղաքական գործիչ, ով մշտապես հավատարիմ մնաց Վենեսուելայի յուրաքանչյուր բնակչի համար բարեկեցիկ ու արժանավայել կյանքի պայմաններ ապահովելու իր տեսլականին և անուրանալի դերակատարում ունեցավ ժամանակակից Վենեսուելայի զարգացման ու առաջընթացի գործում: Պարոն Ուգո Չավեսի անդառնալի կորուստը, հիրավի, մեծ վիշտ է ինչպես իր հարազատների, այնպես էլ Վենեսուելայի բարեկամ ժողովրդի համար:

 

Այս ծանր պահին խորին ցավակցությունն եմ հղում Ձեզ, պարոն Չավեսի հարազատներին և Վենեսուելայի ժողովրդին` մաղթելով հոգու տոկունություն և համերաշխություն»: