Իռլանդիայում դեռահասը պետք է որոշի, թե իր ծնողներից ով պետք է բանտ նստի

22:59 • 06.03.13

Իռլանդական դատավորը որոշել է, որ դասերից բացակայելու համար պատասխանատվություն պետք է կրի ոչ թե աշակերտը, այլ նրա ծնողները: Ըստ դատավորի, նրանց մեղքը կայանում է նրանում, որ չեն դաստիարակել իրենց տղային: Այժմ դեռահասն ինքը պետք է ընտրի, թե ծնողներից ով պետք է 21-օրյա բանտարկություն կրի և ով պայմանական ազատազրկում, գրում է Вести.ru-ն՝ հղում կատարելով Irish Independent-ին:


Իռլանդական Գոլուեյ քաղաքի դատավոր Ալան Միտչելը պատժել է դասերից բացակայողին՝ նրան կանգնեցնելով դժվար խնդրի առաջ: Փաստացի տղան պետք է, որոշի, թե ծնողներից ով պետք է պատասխան տա իր արարքների համար: 15-ամյա դեռահասը 114 ուսումնական օրերից միայն 23-ին է ներկա գտնվել:


Արդյունքում դեռահասի ուրախ և անհոգ կյանքը վերածվել էր դատական գործընթացի: Նրա ծնողները նույնպես պետք է ներկա գտնվեին դատական նիստերի դահլիճում, սակայն երիտասարդի հայրը անտեսել էր դատարանից եկած ծանուցումը՝ այսպիսով իր ճակատագրի տնօրինումն ամբողջովին տալով իր որդուն: Կրթության հարցերով զբաղվող քաղաքային ծառայության ղեկավար Փոլ Մաքքավերան դատարանում հայտարարել է, որ սոցիալական ծառայությունները բազմիցս առաջարկել են օգնել երեխայի դաստիարակության հարցում: Սակայն նրանք միշտ բացասական պատասխան էին լսում: