Իվանիշվիլին մտադիր է գործնական առաջարկ անել Սալոմե Զուրաբիշվիլիին
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր է որոշակի առաջարկություն անել երկրի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիին։
Ինչպես տեղեկացնում է Грузия online կայքը, այդ մասին վարչապետը հայտարարել է «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ նշելով, որ Սալոմե Զուրաբիշվիլին իր թիմի արժանի անդամ կլինի։
«Մենք կոնկրետ խոսակցություն չենք ունեցել, սակայն նա գալիս է Վրաստան, և ես կհանդիպեմ նրա հետ։ Մենք երկուսս էլ համագործակցելու ցանկություն ունենք։ Մտածում եմ՝ նա մեր թիմի արժանի անդամ կլինի։ Ոչինչ ասել չեմ կարող, սակայն ես նրան անպայման առաջարկություն կանեմ։ Կառավարության կազմում, սակայն, փոփոխություն չի սպասվում»,-հայտարարել է Իվանիշվիլին։
Ավելի վաղ խոսակցություններ էին տարածվել այն մասին, որ Բիձինա Իվանիշվիլին քննարկում է Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը երկրի արտգործնախարարի պաշտոնում։










