Ռուսական Lenta.ru-ն ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ լրատվական կայքերից մեկը

13:37 • 06.03.13

Ռուսական Lenta.ru կայքը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ լրատվական կայքերից մեկը:

 

Ինչպես տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից,  աշխահի «ամենաոճային» և «աչքի համար հաճելի» կայքերն ընտրել են SND միջազգային կազմակերպության (ստեղծվել է 1979թ., զբաղվում է լրատվամիջոցների դիզայնով) փորձագետները:

 

SND-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Lenta.ru-ն լավագույնների շարքում ընդգրկվել է՝ «գեղեցիկ», «դասական, բայց թարմ նրբերանգներով տեսքի», «մեղմ գույների», «որոնողական համակարգի հարմարավետության», «կայքում տեղադրվող լուսանկարների որակի ու կառուցվածքի», «դիզայնի գրավչության և վանող տարրերի բացակայության» համար:

 

Կազմակերպության փորձագետներն աշխարհի ամենալավ դիզայն ունեցող լրատվականների թվում ընդգրկել են նաև ամերիկյան SB Nation սպորտային կայքը, ինչպես նաև բրիտանական The Guardian/Observer պարբերականի՝ iPad-ի (ամերիկյան «Էփըլ» ընկերության պլանշետային համակարգիչներ) համար նախատեսված լրատվական հավելվածները: