Սաակաշվիլիի համախոհը որոշել է ԱՄՆ-ից վերադառնալ հայրենիք

11:09 • 06.03.13

Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը Վրաստան է վերադարձել երկրի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Грузия online-ին։ Վերջին մի քանի ամիսներին նա իր ընտանիքի հետ բնակվել է ԱՄՆ-ում։


Թբիլիսիի օդանավակայանում, ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Շաշկինը հայտնել է լրագրողներին, որ «պատրաստ է համագործակցել քննիչների հետ, եթե ինչ-որ հարցեր ծագեն»։ Թե ինչու է նա որոշել վերադառնալ հայրենիք հենց հիմա, չի հաղորդվում։

 

Սաակաշվիլիի նախագահության օրոք Շաշկինը զբաղեցրել է տարբեր նախարարական պաշտոններ։ Մասնավորապես՝ նա եղել է պատիժների կրման նախարար, ավելի ուշ գլխավորել է կրթության նախարարությունը։ Ռազմական գերատեսչությունը նա ղեկավարել է շատ քիչ՝ 2012-ի ամառվանից աշուն։


Շաշկինն արտասահման է մեկնել հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրութուններից անմիջապես հետո, երբ դրանց արդյունքում հաղթեց ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան։