Վենեսուելայի նախագահական ընտրությունները կկայանան 30 օրվա ընթացքում
Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ նախագահական նոր ընտրությունները կկայանան երկրի նախագահ Ուգո Չավեսի մահվանից 30 օր անց։
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ BBC-ին հղումով, մինչ նախագահական ընտրությունների անցկացումը երկրի նախագահի լիազորությունները կստանձնի երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն։
Հիշեցնենք, որ Ուգո Չավեսի մահվան լուրը երկրի ազգային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր Նիկոլաս Մադուրոն։
Չավեսը քաղցկեղի հեռացման նպատակով վիրահատության էր ենթարկվել 2011թ. հունիսին: Դրանից հետո նա քիմիաթերապիայի կուրսեր էր անցել, որից հետո հայտարարել էր, որ հաղթել է քաղցկեղին: Սակայն մի քանի ամիս անց բժիշկները նոր ուռուցք էին հայտնաբերել, որը հեռացվել էր 2012թ. փետրվարին: Վիրահատությունը, ինչպես նաև ճառագայթային թերապիայի կուրսերը Կուբայում այդպես էլ արդյունք չէին տվել, և նա ենթարկվել էր երրորդ վիրահատությանն անցյալ տարվա դեկտեմբերին:










