Հերոինը՝ կիսագուլպայում, մետամֆետամինը՝ արյան մեջ. Գլենդեյլում հայ է ձերբակալվել
ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում հերթական հայն է ձերբակալվել:
Ինչպես տեղեկանում ենք ամերիկյան Glendalenewspress.com կայքից, 30-ամյա Արսեն Գալստյանը բերման է ենթարկվել` թմրանյութի ազդեցության տակ ավտոմեքենա վարելու կասկածանքով:
Գալստյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել էր կիրակի. ոստիկանները նկատել էին, որ նրա ավտոմեքենան ընթացքի ժամանակ «տարօրինակ կերպով շարժվում է». կանգնեցրել էին: Գալստյանը պատճառաբանել էր, թե մեքենայում բջջայինով էր խոսում, հեռախոսն ընթացքի ժամանակ ընկել էր ու ինքը փնտրում էր այն:
Արսենին, սակայն, «մատնել էին» իր փչացած ատամները, կարծրացած և այրված եղունգները, կոշտ մատները, ինչը, ոստիկանների խոսքով, բնորոշ է մետամֆետամին օգտագործող թմրամոլներին: Բացի այդ, Գալստյանը ոստիկանների հետ խոսելիս տարօրինակ շարժումներ էր արել ու շորորացել էր: Սթափության վիճակի զննության ժամանակ (արյան մեջ ալկոհոլի ու թմրանյութի պարունակությունը ստուգող թեստ) պարզվել է, որ նա թմրանյութ է օգտագործել:
Ավելի ուշ՝ արդեն ոստիկանական բաժանմունքում իրավապահները Գալստյանի կիսագուլպայի մեջ հերոին են հայտանաբերել:
Կայքի հաղորդմամբ՝ Արսեն Գալստյանը նախկինում մեկ անգամ ձերբակալվել էր թմրանյութ օգտագործելու համար:










