Տիգրան Դավթյանը ներկայացրեց 2013-ի ՀՀ գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը

12:20 • 07.03.13

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց 2013-ի ՀՀ գործարար միջավայրի բարելավման ծրագիրը, որը ընթացիկ տարում՝ գործարար ու ներդրումային միջավայրի բարելավման նպատակով, նախարարության միջոցառումների ցանկն է:


Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցրեց Տիգրան Դավթյանին, թե մշակված ծրագիրը որքանով կբարելավի Հայաստանի դիրքը միջազգային ցուցանիշներում:


«Անցած տարի մենք ունեցանք լուրջ առաջխաղացում՝ արևմտաեվրոպական երկրների շարքում 32-րդն ենք: Հետագա տեղաշարժը ավելի լուրջ ջանքեր է պահանջում: Էականը կլինի ոչ թե քանի կետով կբարելավենք դիրքը, այլ ամրապնդվել այս տիրույթում: Մենք գտնվում ենք Բելգիայի ու Նիդեռլանդների միջակայքում»,- ասաց նախարարը:


Ի պատասխան վարչապետը նշեց, որ Հայաստանը միջին ցուցանիշով է 32-րդ տեղը, բայց մի շարք այլ ցուցանիշներ կան, որ 100-րդ տեղից անգամ հետ է ընկնում:


«Խոսքը միջազգային առևտրային ռեժիմի մասին է, իրավական գործառույթների՝ բիզնես բանավեճերի ընթացքը դատարաններում, այստեղ մենք պետք է ապահովենք առաջընթաց»,-ասաց վարչապետը:


«Մենք փորձելու ենք բարելավել մեր դիրքերը: Շատ բան կախված կլինի նաև այն երկրներից, որոնց հետ մենք մրցում ենք: Բայց մեր նպատակը, ոչ թե ցուցանիշներն են, այլ իրական վիճակը բարելավելը»,- պատասխանեց նախարարը: