Կոլումբոսը ցեղասպան է, Բուշը՝ Հիտլեր, Օբաման՝ խայտառակություն.Չավեսից մեջբերումները՝ Time-ի անդրադարձում

08:40 • 07.03.13

Ամերիկյան Time հանդեսը «դեմագոգ» Չավեսի կարիերային հետադարձ հայացք է ձգել՝ ի մի բերելով նրա ամենահիշարժան և հակասական խոսքերը:

 

«Քրիստաֆոր Կոլումբոսը ամենամեծ ներխուժման ու ցեղասպանության առաջամարտիկն էր, որ տեսել է մարդկության պատմությունը», 2003թ.:

 

«Ինձ հետ գործ չունեք, պարոն, թե չէ կխայթվեք»՝ Մեքսիկայի նախկին նախագահ Վիսենտե Ֆոքսին, 2005թ.:

 

«Ահաբեկչություն է այլ ժողովուրդների մեջ, իրենց սեփական ժողովրդի մեջ վախ սերմանելը: Ընտանիքները գնում ու սկսում են իրենց երեխաներին վհուկների պես հանդերձավորել: Սա հակառակ է մեր ուղուն», Հելոուինի մասին, 2005թ.:

 

«Ես դաշտում աճող փշի պես եմ, հիշիր, փոքրիկ աղջիկ: Բույրս տալիս եմ անցորդներին ու ծակում ինձ ցնցողին: Ինձ հետ գործ չունես, Կոնդոլիզա: Ինձ հետ գործ չունես, այ աղջիկ», - ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին, 2006թ.:

 

«Դու վախկոտ ես, մարդասպան, ցեղասպանություն իրականացնող, անբարոյական անձնավորություն, պարոն Վտանգ: Դու ամենավատն ես, պարոն Վտանգ: Այս աշխարհի ամենավատ բանը… Հոգեկան հիվանդ, ես գիտեմ դա»՝ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ կրտսերին, 2006թ.: Նա Բուշին անվանել է նաև «սատանա» ու «Հիտլեր»:

 

«Կապիտալիզմը սատանայի և շահագործման ուղին է: Եթե իսկապես ուզում եք իրերին նայել Հիսուս Քրիստոսի աչքերով, որն իմ կարծիքով եղել է առաջին սոցիալիստը, ապա միայն սոցիալիզմը կարող է իրապես եզակի հասարակություն ստեղծել», Քրիստոսի տնտեսական հայացքների մասին, 2006թ:

 

«Ամեն առավոտ ես կոկայի թերթեր եմ ծամում և հապա ինձ նայեք», 2008թ.:

 

«Ռմբակոծում եք Լիբիայի քաջ ժողովրդին՝ նրանց փրկելու համա՞ր: Խելագար կայսրության փայլուն ռազմավարություն: Որտե՞ղ են հապա միջազգային իրավունքները: Ասես քարանձավային մարդկանց դարաշրջան լինի», 2011թ., Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունների մասին:

 

«Դու խարդախ ես, Օբամա: Գնա և հարցրու Աֆրիկայում շատ մարդկանց, որ հավանաբար հավատացել են քեզ՝ մաշկի գույնի պատճառով: Դու աֆրիկական ծագում ունես, բայց դու այդ մարդկանց խայտառակությունն ես», 2011թ.:

 

«Ես ու Ահմադինեժադը, գնում ենք նկուղ, մեր հայացքներն ուղղենք դեպի Վաշինգտոն, արկեր ու հրթիռներ արձակենք», 2012թ.:

 

BBC-ն  ավելացնում է նաև նրա 2010-ի կոչը Եղիսաբեթ 2-րդին. «Անգլիայի թագուհի, ես քեզ հետ եմ խոսում: Անգլիայի թագուհի, կայսրություն այլևս չկա: Այն, ինչ դու չես հասկանում, Անգլիայի թագուհի: Մալվինյան կղզիները Արգենտինայի ժողովրդին վերադարձրու, Անգլիայի թագուհի»: