Լիտվան կարևորում է հակամարտությունների խաղաղ կարգավորումը
Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսն այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Լիտվան՝ որպես ԵՄ անդամ, կարևորում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումն ու կոչ է անում խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։
«Մենք փորձում ենք կոչ անել հակամարտող կողմերին ավելի պատասխանատու լինել, կոնկրետ քայլեր ձեռնարկել և կենտրոնանալ իրական հարցերի վրա»,- ասաց նախարարը։
էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր՝ մշակութային և առևտրատնտեսական ոլորտներում, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային խնդիրներին առնչվող հարցեր։
Անդրադառնալով այս տարվա ընթացքում Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահությանը՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ դրա նախապատրաստական փուլում Հայաստան է այցելելու կառույցի քարտուղար Թորբյորն Յագլանդը՝ քննարկելու Հայաստանի առաջնահերթություններն ԵԽ նախագահության ընթացքում։
ՀՀ արտգործնախարարը նաև տեղեկացրեց, որ այդ շրջանակներում նախատեսվում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ստրասբուրգ։
Լիտվայի արտգործնախարարն իր հերթին նշեց, որ հանդիպման ընթացքում կարևորվել է ՀՀ-ի և Եվրոպական Միության միջև համապարփակ առևտրի համաձայնագրի ստորագրումը։










