Գլենդեյլում հայ երիտասարդը թմրանյութի ազդեցության տակ վրաերթի է ենթարկել և սպանել մի հայուհու
ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում 19-ամյա հայ երիտասարդը թմրանույթի ազդեցության տակ վրաերթի է ենթարկել 81-ամյա մի հայուհու. կինը մահացել է:
Ինչպես հաղորդում է ամերիկյան Glendalenewspress.com կայքը, դեպքը տեղի է ունեցել նախօրեին. Արմեն Ավանիսյանն իր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Հյուսիսային Գլենդեյլում հարվածել է փողոցն անզգուշությամբ հատող Քնարիկ Թոմասյան-Շամլյանին: Կինը ստացած վնասվածքներից տեղում է մահացել է:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ երիտասարդ վարորդը սահմանված արագությունը չի գերազանցել: Սթափության վիճակի զննության ժամանակ (արյան մեջ ալկոհոլի ու թմրանյութի պարունակությունը ստուգող թեստ), սակայն, պարզվել է, որ Արմենը թմրանյութի ազդեցության տակ է. մարիխունա է օգտագործել:
Արմենը ձերբակալվել է:
Կայքը հավելում է, որ վերոնշյալ դեպքը 2013թ. հետիոտնի մահվան ելքով առաջին ճանապարհատրանսպորտային պատահարն է Գլենդեյլում: Ուշագրավ մեկ այլ փաստ. 2012թ. Գլենդեյլ քաղաքում մահվան ելքով ընդամենը երկու պատահար է գրանցվել. երկու դեպքում էլ զոհերը հայեր են եղել` 83-ամյա Գուրգեն Անուշյանը (որին փողոցում վրաերթի էր ենթարկել միկրովտոբուսը) և 88-ամյա Եղիշե Քեշիշյանը (նա եղել էր այն ավտոմեքենայում, որն, անտեսելով լուսացույցի կարմիր լույսը, հարվածել էր դիմացից ընթացող ավտոմեքենային):
Հավելենք, որ Գլենդեյլ քաղաքը (Կալիֆոռնիայի նահանգ) ունի մոտ 192 հազ. բնակչություն, որի մոտ 50 տոկոսը հայեր են:










