ԱԳՆ-ի շենքը կկորցնի իր հմայքը և նշանակությունը. ահազանգում են ճարտարապետները
Արտաքին գործերի նախարարության շենքը հյուրանոցի վերածելուց հետո կկորցնի իր հմայքն ու նշանակությունը և կդառնա ընդամենը գեղեցիկ շենք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Կասեն լավ գեղեցիկ հյուրանոց է, որտեղ մուտք ու ելք կանեն բոլորովին այլ մարդիկ: Թող անեն, բայց դրա համար կարող են կառուցել ավելի լավ հյուրանոցներ: Եթե մենք իմանայինք վաճառելու դեպքում մեզ կվերադարձնեին վերանորոգված ու լավ պահպանված, այդքան խնդիր չէր լինի: Բայց վերջին տարիներին մենք շատ շինություններ են կորցրել: Այսօր վստահության պակաս կա»,- ասաց նա:
Մեկ այլ ճարտարապետ՝ Սաշուր Քալաշյանը, ով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նախագծողներից մեկն է, նշեց, որ հուշարձանների միջև կան տարբերություններ՝ կարևորագույն և տեղական նշանակության: Տվյալ պարագայում, ըստ նրա, մենք գործ ունենք կարևորագույն հուշարձանի հետ:
«Այն ներկայացնում է մեր պետականությունը: Ոչ թե կառավարական տուն է, սովորական վարչական շենք, այլ մեր կենտրոնական հրապարակի՝ համալիրի մի մասն է, իսկ համալիրն ամբողջապես գնահատված է որպես հանրապետական նշանակության հուշահամալիր: Օրենքը չի արգելելու վաճառել, փոփոխություն մտցնել, բայց սահմանում է կարգ դա անելու համար, որը տվյալ պարագայում շրջանցվել է»,- ասաց նա և ընդգծեց, որ հուշարձանի տեսքը և այն, թե ապագայում որպես ինչ պետք է ծառայի իրար չեն համապատասխանում:
Ճարտարապետը նշեց, որ անգամ արտաքինից ԱԳՆ շենքը չի համապատասխանում հյուրանոցի պահանջներին: Բացի այդ, այն պատմություն ունի. այնտեղ են աշխատել ՀՀ արտգործնախարարները:
«Ցանկացած ճարտարապետական հուշարձան ինքը չի ներկայանում միայն արտաքնապես, նաև ներքինով: Եթե այդ շենքին արտաքինից նայենք չեք կարող ասել, որ դա հյուրանոց է, այն կառավարական շենքի կերպար է: Այն հյուրանոց դարձնելով նույնն է, թե լինի շուկա: Ամեն մի հուշարձան մեր ազգային դիմագծի մի մասն է: Ցանկացած մարդ մի երկիր գնալիս առաջինը շփվում է ճարտարապետության հետ: Եթե մենք ոտնահարում ենք մեր կարևորագույն հուշարձանը, այդ դեպքում մենք ի՞նչ վերաբերմունք ունենք մյուսների նկատմամբ: Եկեք բոլորը քանդենք»,- ասաց նա:
Մկրտիչ Մինասյանը նշեց, որ ինքը ՀՀ նախագահին այս հարցով դիմել է նամակով, սակայն դեռևս պատասխան չի ստացել: Այժմ ճարտարապետները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն:
«Մինչև աճուրդի դրվելը դրանից երկու տարի առաջ, երբ իմացանք դրա մասին Կառավարությունն ասաց՝ նման բան չկա»,- ասաց նա










