Մշակվել է հայեցակարգ, ըստ որի Երևանի գերծանրաբեռնվածության թեթևացում է նախատեսվում

17:10 • 07.03.13

Գործադիրն այսօր իր հերթական նիստին հաստատեց «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» հայեցակարգը: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզաննա Ալավերդյանն ասաց, որ հայեցակարգում ամրագրված են այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան Երևանի գերծանրաբեռնվածությունը թեթևացնել և կառուցապատողների նախաձեռնություններն ուղղել Երևանի վարչական այլ շրջաններ:


Ռուզաննա Ալավերդյանը, միաժամանակ ընդունելով, որ փոքր կենտրոնն արդեն գերծանրաբեռնված է, նշեց, որ հայեցակարգը կարող էր ավելի շուտ մշակվել, սակայն այժմ էլ ուշ չէ կարգավորման խիստ սահմանափակումներ դնել:

«Մենք սթափ գնահատում ենք իրավիճակը և ցանկանում ենք, որ օրենքը լինի այնքան մանրամասն, որ իր մեջ երկիմաստություն չպարունակի: Հիմնական գաղափարը հետևյալն է՝ ցանկացած ներդրումային կառուցապատման ծրագիր պետք է հիմնված լինի պլանավորման փաստաթղթերի վրա, որոնք սահմանում են չափորոշիչներ»,- ասաց նա:


Ռուզաննա Ալավերդյանը նշեց, որ սույն օրենքի ընդունմամբ շատ ավելի կհստակեցվեն և կխստացվեն Երևանի փոքր կենտրոնում գործող նորմերը:


«Ես շատ սիրում եմ Երևանը, ինձ այն դուր է գալիս»,- ասաց Ռուզաննա Ալավերդյանը և հայտնեց, որ վարչապետը վեց ամիս ժամանակ է տվել, որպեսզի այդ նախագիծը ներկայացվի ԱԺ: