Մարգարեություն Պապի համար. հաջորդը վերջինը կլինի. Der Spiegel (լուսանկարներ)

08:09 • 07.03.13

Շուտով ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ պետք է սպասեն Վատիկանի Սիքստինյան կապելայից սպիտակ ծխի դուրս գալուն: Այդ ծուխը նոր Պապի ընտրության լուրը կհայտնի: Սակայն, եթե հավատանք հին կանխատեսմանը, ապա Բենեդիկտոս 16-րդի հետնորդ կդառնա ոչ թե աֆրիկացին կամ Հարավային Ամերիկայի բնակիչը, այլ ծննդով Հռոմից մի իտալացի, գրում է Der Spiegel-ի սյունյակագիր Ռիհարդ Մոյզեսը: Եվ նոր հովվապետը վերջինը կլինի աշխարհի կործանումից առաջ:


Համենայնդեպս, հենց այդպես է ասվում իռլանդացի հոգևորական Մաղաքիայի «Պապերի մասին մարգարեություն» գրքում: Նշենք նաև, որ Մաղաքիան հետագայում արքեպիսկոպոս է դարձել:


Իրականում, հանգստացնում է հեղինակը, մարգարեությունները գրվել են ոչ թե 12-րդ դարում ապրած սուրբ Մաղաքիայի կողմից, այլ նրանից հինգ հարյուրամյակ հետո ապրած մեկ այլ անձնավորության: Եվ դրա նպատակն էր «օգնել» կարդինալներին՝ Պապ ընտրել կարդինալ Սիմոնչելիին` 1590թ. կոնկլավի ժամանակ: Դրանցում արտահայտություն կար այն մասին, որ նոր Պապը պետք է «հին քաղաքից լինի» (Urbs vetus), իսկ Սիմոնչելին ծննդով իտալական Օրվետայից էր, որը լատիներեն նշանակում է «հին քաղաք»: Սակայն, ինչպես հայտնի է, այդ ժամանակ Հռոմի Պապ ընտրվեց մեկ այլ մարդ` հայտնի Գրիգորիուս 16-րդ Պապը:


Ստացվում է, որ «մարգարեությամբ» փորձել են պարզապես կարդինալների կոնկլավի վրա ազդել: Եվ ժամանակակից գիտնականների մեծ մասը գտնում է, որ դրա հեղինակը Սիմոնչելիի քարտուղար Ալֆոնսո Չեկարելլոն էր: «Ստացվում է, որ փորձը հաջողությամբ չպսակվեց, սակայն մարգարեությունը մնաց», - գրում է պարբերականը :


Սակայն, ամենատարօրինակն այն է, գրում է հոդվածաիրը, որ, եթե հայտնի պատճառներով Հռոմի պապերի մասին մինչև Գրիգորիուս 16-րդը եղած բոլոր մարգարեությունները ճշգրիտ էին, ապա նրա ընտրությունից հետո ևս տարօրինակ իրավիճակ է ստեղծվում:


«Կեղծ» Մալաքիան, չնայած որ սխալվում էր ապագայի դեպքերի կեսում, սակայն կարողացել է մնացածների համար այնպիսի ձևակերպումներ ընտրել, որոնք իրականացել են` չնայած և անբացատրելի կերպով:


Այսպես, Բենեդիկտոս 15-րդի կարգախոսն էր «Կրոնը սնանկացած է», որն իր հաստատումը գտավ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ հովվապետը ապարդյուն փորձեր էր անում խաղաղություն հաստատել`արյունահեղությունը դադարեցնելու կոչերով:


Իրականությանը համապատասխանեց Պիոս 11-րդ Պապի կարգախոսը «Անհողդողդ հավատք», որը երես թեքեց ինչպես կոմունիստներից, այնպես էլ գերմանական նացիստներից:


Հոդվածի հեղինակը նշում է, որ տվյալ «մարգարեությունն» այնքան խորն է արմատավորվել կաթոլիկության մեջ, որ նույնիսկ հովվապետերի պատկերներով մեդալյոնների թիվը Սուրբ Պետրոսի տաճարում վաղօրոք կանխորոշված էր:


Այսպես, ավանդության համաձայն, աշխարհի վերջը պետք է գար այն ժամանակ, երբ սրահում մեդալյոնների համար այլևս տեղ չմնար: Սակայն այդ մասին հոգ տարավ Հովհաննես Պողոս 2-րդ Պապը՝ հեռացնելով աշխարհի վերջը ևս երկու-երեք դարով, նշում է պարբերականը: