ՄԱԿ-ի ԱԽ-ն հաստատել է Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցները
Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցները, որոնք կընդգրկեն նույնիսկ այդ երկրի դիվանագետներին, այսօր հաստատվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից՝ ի պատասխան այդ երկրի իրականացրած միջուկային փորձարկումների, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Փորձարկումներն իրականացվել են փետրվարի 12-ին՝ խախտելով ՄԱԿ-ի ԱԽ-ի երկու նախորդ բանաձևերը, որոնք արգելում էին Փհենյանին զարգացնել հրթիռային և միջուկային ծրագրերը: Միևնույն ժամանակ Հյուսիսային Կորեան հղում է կատարում ԱՄՆ-ի ագրեսիան զսպելու անհրաժեշտությանը և խոստանում է, չնայած պատժամիջոցներին, զարգացնել միջուկային և հրթիռային պոտենցիալը:
Փհենյանի դեմ բանաձևը թվով արդեն 4-րդն է և հնարավորություն է տալիս արգելափակել բանկային գործարքները, սառեցնել ԿԺԴՀ-ի հաշիվները, խուզարկել օդային և ծովային փոխադրամիջոցները, ինչպես նաև դիվանագետներին` մեծ գումարներ տեղափոխելու կասկածի դեպքում:
ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի նախագիծը երկար քննարկումներից և համաձայնեցումներից հետո ներկայացվել էր ԱՄՆ-ի և Չինաստանի կողմից այս շաբաթվա սկզբին: Դրանում նաև ընդլայնվել է անձանց և կազմակերպությունների ցանկը, որոնք հայտնվում են պատժամիջոցների գործողության տակ:










