Գլենդեյլում մահափորձի կասկածանքով հայեր են ձերբակալվել. տուժողը հոսպիտալացվել է՝ հետույքի շրջանում դանակի բազմաթիվ վնասվածքներով

12:09 • 08.03.13

ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում, մահափորձ կատարելու կասկածանքով, երեք հայ երիտասարդ է ձերբակալվել:

 

Ինչպես հաղորդում է ամերիկյան Glendalenewspress.com կայքը,19-ամյա Գեղամ Մեհրաբյանը, 25-ամյա Սուրեն Լազարյանը և 29-ամյա Էդգար Թադևոսյանը բերման են ենթարկվել՝ 41-ամյա մի հայի (անունը չի նշվում) դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու կասկածանքով:

 

Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի. ոստիկաններն ահազանգ են ստացել, որ Գլենդեյլի բնակարաններից մեկում ծեծկռտուք է տեղի ունենում: Շտապել էին դեպքի վայր և 41-ամյա հային հայտնաբերել գետնին՝ նստատեղի շրջանում ստացած բազմաթիվ վնասվածքներով:

 

Փաստի առնչությամբ շատ մանրամասներ չեն հաղորդվում: Հայտնի է միայն, որ դեպքը տեղի է ունեցել կերուխումի ժամանակ: Սեղանի շուրջ Մեհրաբյանի, Լազարյանի, Թադևոսյանի և տուժողի միջև, դեռևս անհայտ պատճառներով, վեճ էր սկսվել, որը շուտով վերաճել է տուրուդմփոցի. «արդյունքում» կերուխումի ամենատարեց մասնակիցը նստատեղի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներ էր ստացել: Թե կոնկրետ ով է դանակահարել նրան, չի հաղորդվում:

 

Ոստիկանները չարագործներին ձերբակալել են, երբ վերջինները փորձել էին փախչել դեպքի վայրից: Տուժողը հոսպիտալացվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նա, սակայն, հայտարարել է, որ ինքը հայ երիտասարդների դեմ «բողոք չունի» և հրաժարվել է նրանց նկատմամբ հայց ներկայացնել:

 

Հետաքննությունը շարունակվում է: