Օբամայի այցից առաջ Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում բախվել են պաղեստինցիներն ու իսրայելցի ոստիկանները

17:17 • 08.03.13

Ուրբաթօրյա աղոթքից հետո Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում՝ մուսուլմանների համար ամենասրբազան վայրերից մեկում, բախվել են հարյուրավոր պաղեստինցիներ և տասնյակ իսրայելցի ոստիկաններ, հայտնում է Hurriyet-ը:

 

Ըստ աղբյուրի՝ պաղեստինցիները քարեր ու Մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանների վրա, իսկ ոստիկանները լուսաձայնային նռնակներ են արձակել նրանց ցրելու համար:

Վիրավորվել են մի շարք ոստիկաններ, ըստ պաղեստինյան ԶԼՄ-ների՝ 15 վիրավոր կա մուսուլմանների թվում:

 

Գրավյալ Արևմտյան Ափում բռնությունների աճն Իսրայելի մոտ մտավախություն է առաջացրել, թե պաղեստինյան նոր դիմադրություն կարող է պայթել: Աղբյուրն այս լարվածությունը կապում է ամսվա վերջին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ Երուսաղեմ ու Ռամալլահ կատարելիք այցերի հետ:

 

Նախատեսվում է, որ 2010-ից առկախված խաղաղության շուրջ բանակցությունները կարող են վերսկսվել: Բանակցությունները դադարեցվել էին գրավյալ տարածքներում Իսրայելի կողմից բնակարանաշինության ընդլայնման պատճառով: Իսրայելն առանց նախապայմանների բանակցելու կոչ է անում: