Եթե երկրորդ անգամ ընտրության հնարավորություն լիներ, հաստատ կրկին այս մասնագիտությունը կընտրեի. միակ կին փրկարար

19:08 • 08.03.13

ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ փրկարարական 3-րդ ջոկատի լեռնափրկարար ավագ ենթասպա Վիկտորյա Խաչատրյանը 4 տարի է՝ աշխատում է փրկարական ջոկատում և չնայած, որ այստեղ որպես կին փրկարար դեռևս միակն է, հավատացնում է, որ իր նկատմամբ հասարակության թերահավատ վերաբերմունքը փոխվել է դեպի դրականը։

 

«Եթե երկրորդ անգամ ընտրության հնարավորություն լիներ, հաստատ կրկին այս մասնագիտությունը կընտրեի»,- կանանց տոնի առիթով Tert.am-ի հետ զրույցում ասաց կին փրկարարը։

 

«4 տարի առաջ ընդհանրապես փրկարարների մասին քչերը գիտեին կամ կարծում էին, թե մենք «դուռ բացող» ենք, այսինքն՝ կենցաղային խնդիրներ ենք սպասարկում, բայց դա կապ չուներ մեր աշխատանքի հետ, ուղղակի մարդկանց օգնելու համար անում էինք դա։ Հիմա արդեն մարդիկ գիտեն, որ միակ կին փրկարարն եմ, արդեն ճանաչում են, վերաբերմունք էլ լավ է: Առաջ դժգոհություններ էին լինում, հիմա չէ, հակառակը՝ միշտ գոհ են մեր աշխատանքից, որովհետև մենք մեր աշխատանքը ոչ թե լավ, այլ շատ լավ ենք կատարում»,- հպարտությամբ հավելեց նա։

 

Իսկ մասնագիտության ընտրության հարցում Վիկտորյա Խաչատրյանը նշեց, որ հարազատները գիտեին, որ ուզում է ընդունվել ոստիկանության ակադեմիա, բայց քանի որ այստեղ նրա միավորները չեն բավականացնում, ընդունվում է թիկնապահական քոլեջ:

 

«Առանձնապես մտածված չի եղել իմ ընտրությունը հենց փրկարարի առումով, ուղղակի հենց ուզեցի աշխատել, մայրիկիս խնդրեցի, որ աշխատանքիս հարցով դիմում գրի և ասացի, որ եթե չլինի, կգնամ ուրիշ երկիր, կծառայեմ բանակում՝ Իսրայելի մասին է խոսքը։ Մայրիկս էլ ստիպված դիմում գրեց, որ աշխատանքի անցնեմ: Ընդունվեցի սկզբում որպես ընդհանուր պրոֆիլի փրկարար, առաջինը և միակը ես եմ։ Մեկ տարի հետո դարձել եմ լեռնափրկարար և ավագ ենթասպա»,-նշեց նա։

 

Այսօր արդեն նա իր ուսումը շարունակում է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի 4-րդ կուրսում, փրկարարական բաժնում։
Իսկ մասնագիտության մեջ ինչն էր դուր եկել՝ Վիկտորյա Խաչատրյանը անկեղծանում է, որ 16-17 տարեկան էր և գաղափար էլ չուներ, թե ինչ է անելու։

 

«Ուղղակի ես գիտեի, որ այնտեղ պարաններով են իջնում, բարձրություններ կան, քոլեջում դրանք արդեն անցել էի, ու գիտեի դա անել, բայց երբ անցա գործի, հասկացա, որ մենակ դա չի, բայց հաստատ չեմ փոշմանել իմ աշխատանքի ընտրության հարցում»,-ասաց նա։

 

Վիկտորյա Խաչատրյանը հավատացնում է, որ ինքը թեպետ կին է, բայց աշխատանքում հավասար է իր գործընկերների հետ, դեռ ավելին, իր կանացի հմայքով որոշ դեպքերում գերազանցում է նրանց։
Հիշում է մի միջադեպ, երբ երեք անգամ նույն տղային հետ պահեց ինքնասպանության քայլից և խոստովանում, որ այդպիսի հարցերում իր մոտ «մի փոքր ստացվում է»։

 

«Երեք անգամ ես եմ նույն տղային իջեցրել։ Մի անգամ, չնայած իմ աշխատանքային օրը չի եղել, բայց տեսել եմ, որ տղաները կանգնած են, մոտեցել եմ, տեսել եմ այդ տղային: Հետո իմ աշխատանքային օրն է եղել, դիտմամբ չի եղել, բայց կրկին հետ եմ պահել այդ քայլից։ Գուցե ինքը որպես տղա ես, էլ աղջիկ հասկացել ենք իրար, ես կարողացել եմ բացատրել, որ ճիշտ չի անում: Մի խոսքով, ինքն այդ քայլից հետ է կանգնել, հոգեբանական կրթություն չունեմ, բայց մարդկանց հետ շփվելուց տարբեր իրավիճակներում արդեն որոշ հմտություներ ենք ձեռք բերում»,-ասաց նա։

 

Իսկ ավելի ծանր դեպքերում նա արդեն մի կողմ է դնում կանացի հմայքն ու գործին վերաբերվում սառնասրտորեն։ «Գրեթե ամեն օր ականատես ենք լինում ծանր տեսարանների, թե դիակներ, տուժածներ, թե արյուն, թե բարձրություն, թե դժվար, ելք չգտնվող իրավիճակներ, որոնց ժամանակ պետք է ճիշտ կողմնորոշվենք։ Չեմ էլ մտածել՝ ինչ կանենք, առաջին անգամ, որ դիակ եմ տեսել, իհարկե խուճապի չեմ մատնվել, բայց առաջին բանը, որ ուզել եմ, արագ այդտեղից հեռանալ։ Աշխատանքի մեջ ես անում եմ այն, ինչ ինձանից հասնում է և ինչ սպասում են ինձանից և ոչ թե ասում եմ՝ վայ ես արյուն տեսա, ես ինչ որ օրգաններ տեսա, որոնք իրենց տեղում չեն»,- կատակում է Վիկտորյան և նշում, որ եթե ճիշտ չկողմնորոշվի, հնարավոր է՝ իրենք էլ հոգեբանական խնդիրներ ունենան։